հետադարձ կապ
Հայաստանում և Հարավային Կովկասում վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձությունները հրամայական են դարձրել Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերի հրատապ միավորումը՝ նպատակ ունենալով կանխել մե՛ր հայրենիքում, մե՛ր աչքի առաջ տեղի ունեցող բոլոր կործանարար գործընթացները` մշակելով միասնական ճանապարհային քարտեզ հանուն Հայաստանի և Արցախի փրկության և հետագա զարգացման:
Ձգտելով ստեղծել ժամանակակից համահայկական միավորող նախագիծ՝ մենք նախաձեռնել ենք «Արարատյան Ալյանս» ինստիտուտի նոր հարթակը:
Այս կառույցի նպատակն է համախմբել հայ ազգի և հայության բարեկամների ներուժը՝ ամրապնդելու Հայաստանի անվտանգությունը, բարելավելու տնտեսության մրցունակությունը, պահպանելով և զարգացնելով ազգային արժեքները` հանուն հայ ազգի արժանապատիվ կյանքի և Հայաստանի առաջընթացի:
Ներկայումս, բացի ազգային, պատմամշակութային, տնտեսական, անվտանգային վերլուծությունների, կառույցը պատրաստվում է «Արարատյան Ալյանս» առաջին համահայկական համաժողովին, որը տեղի կունենա Երևանում՝ 2022 թվականի հունիսին:
Այս համաժողովի կազմակերպումը պայմանավորված է այն գիտակցությամբ, որ յուրաքանչյուրիցս է կախված, թե ի՞նչ ժառանգություն մենք կթողնենք մեր սերունդներին, և արդյո՞ք նրանք կհպարտանան մեզանով, թե՞ կդատապարտեն այսօրվա մեր անգործության կամ ուշացած քայլերի համար, ինչը կարող է հանգեցնել տարածքային և մարդկային նոր կորուստների, ինչպես նաև կբարձրացնի այն գինը, որը պետք է վճարենք Հայաստանի և հայության՝ բարձր մարդկային և մտավոր ներուժ ունեցող ժողովրդի համբավը վերականգնելու համար։
Բարձր գնահատելով Ձեր փորձն ու գիտելիքները, ինչպես նաև հայրենասիրությունը, ակտիվությունն ու քաղաքացիական դիրքորոշումը, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Արարատյան Ալյանս» համաժողովին։
Համաժողովին առնչվող նորություններին, կազմակերպչական և այլ հարցերին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում՝ www.araratalliance.am:
Համաժողովի կազմկոմիտեն գլխավորում է անվանի տնտեսագետ, պետական և հասարակական գործիչ Թաթուլ Մանասերյանը։