Հարգարժան հայրենակիցներ և հայ ժողովրդի բարեկամներ`
Վերջին տարիներին Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացող իրադարձությունները բացահայտեցին Հայաստանի ու Սփյուռքի հայրենասեր բոլոր ուժերի և մեր բարեկամների արդյունավետ համագործակցության սուր անհրաժեշտությունը՝ նպատակ դնելով համախմբվել և կասեցնել այն քայքայիչ գործընթացները, որոնք մեր աչքի առաջ տեղի են ունենում մեր հայրենիքում, և մշակել Հայաստանի և Արցախի փրկության ու հետագա զարգացման միասնական ճանապարհային քարտեզ:
Ձգտելով ձևավորել համահայկական միավորման ժամանակակից հարթակ՝ մենք գործարկել ենք նոր պլատֆորմի ստեղծման նախագիծ՝ «Հայաստանի և Արցախի ռազմավարական զարգացման «Արարատյան Ալյանս» ինստիտուտ» («Արարատյան Ալյանս» ինստիտուտ) անվանումով: Այս կառուցի գործունեության նպատակն է համախմբել հայերի, ինչպես նաև հայ ժողովրդի բարեկամների ներուժը երկրի անվտանգության ամրապնդման, տնտեսության մրցունակության բարելավման, ազգային արժեքների պահպանման և զարգացման համար՝ հանուն հայ ժողովրդի արժանապատիվ կյանքի և Հայաստանի առաջընթաց զարգացման:
Ներկայում, պատմական-վերլուծական հետազոտություններին զուգահեռ, ինստիտուտը զբաղվում է «Արարատյան Ալյանս» առաջին համահայկական համաժողովի անցկացման կազմակերպման աշխատանքներով: Այս համաժողովի անցկացումը պայմանավորված է այն գիտակցումով, որ յուրաքանչյուրիցս է կախված՝ թե ի՞նչ ժառանգություն կթողնենք մեր սերունդներին, և կարո՞ղ են արդյոք նրանք հպարտանալ մեզանով, թե՞ կդատապարտեն մեզ այսօրվա անգործության և դանդաղկոտության համար, որոնց ամեն մի րոպեն բերում է նոր տարածքային և մարդկային կորուստների վտանգ, ինչպես նաև էլ ավելի է թանկացնում այն գինը, որ ստիպված ենք լինելու վճարել Հայաստանին ու մեր ժողովրդին բարձր մարդկային և ինտելեկտուալ ներուժով օժտված ազգի հեղինակությունը վերադարձնելու համար:
Ես դիմում եմ բոլոր հայերին՝ կոչ անելով համախմբվել «Արարատյան Ալյանս»-ի շուրջ: Մենք այդ աշխատանքներում ներգրավել ենք տարբեր ոլորտների և ազգության մասնագետների: Եվ մենք բաց ենք համագործակցության համար՝ հանուն մեր ընդհանուր հայրենիքի` առանց «սևերի» և «սպիտակների», «նախկինների» և «ներկաների» և այլ բաժանումների:
Հավատացե՛ք, ձեր մասնակցությունը կարևոր և անհրաժեշտ է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի յուրաքանչյուր բնակչի համար, ում անձնական ճակատագրերը, ինչպես և մեր հայրենիքի ճակատագիրը, մեծապես կախված է մեր այսօրվա ընտրությունից։
«Արարատյան Ալյանս» համաժողովը տեղի կունենա Երևանում՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-23-ը: Նրա արդյունքը, ինչպես նախատեսում ենք, լինելու է ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ճգնաժամային իրավիճակի հաղթահարման և առաջընթաց գրանցող միասնական համահայկական օրակարգի և ճանապարհային քարտեզի մշակումը: Գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ Ձեր առաջարկները կարող եք ուղարկել [email protected]. հասցեով:
Համաժողովի կազմկոմիտեն գլխավորում է հայտնի տնտեսագետ, պետական և հասարակական գործիչ Թաթուլ Մանասերյանը:
Նաև մեր գործընկերներն ուրախությամբ կծանոթանան Ձեր առաջարկություններին և կպատասխանեն հետաքրքրող հարցերին
+37495250468, +37495250469 Համաժողովը կանցկացվի երկու ձևաչափով ՝առցանց (online) և անցանց (offline) ռեժիմով: Մասնակցության համար գրանցվել, համաժողովի հետ կապված նորություններին, կազմակերպչական և այլ հարցերին ծանոթանալ կարող եք պաշտոնական կայքէջում www.araratalliance.am :
Հարգանքներով` «Արարատյան Ալյանս» ինստիտուտի ղեկավար
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Արա Աբրամյան