Ռուսաստանի հայերի միությունը պահանջում է Հայաստանում դադարեցնել բռնաճնշումները և հայրենակիցներին կոչ է անում աջակցել ազգային զարթոնքի շարժմանը

2023-09-25 13:50

Ռուսաստանի հայերի միությունը պահանջում է Հայաստանում դադարեցնել բռնաճնշումները և հայրենակիցներին կոչ է անում աջակցել ազգային զարթոնքի շարժմանը

Աշխարհում և Ռուսաստանում հայկական սփյուռքի ամենամեծ կազմակերպությունը՝ Ռուսաստանի հայերի միությունը, սկսած 2018 թվականից, հետևողականորեն հանդես է եկել հայ ժողովրդի և պետության դեմ Հայաստանի իշխանությունների վարած վտանգավոր քաղաքականության դեմ, իսկ  այսօր Երևանում կատարվող իրադարձությունները գնահատում է որպես  համազգային զարթոնքի դրսևորում:

Մենք մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում նրանց, ովքեր այսօր դուրս են եկել Երևանի փողոցներ և հրապարակներ՝ պահանջելով գործող իշխանություններիա փոփոխությունը, որը փորձում է տրորել Սահմանադրության և Հայաստանի անկախության հռչակագրի հիմքում դրված արժեքները, դրանով իսկ՝ օրենքից դուրս դնելով իրեն:

Մենք ողջունում ու հպարտանում ենք հայ երիտասարդությամբ, որն իր քաղաքացիական կեցվածքով ցույց տվեց, որ իր համար հայրենասիրությունը, ազգային արժանապատվությունը դատարկ խոսքեր չեն, այլ՝ սուրբ գաղափարներ, առանց որոնց բազմհազարամյա հայկական քաղաքակրթությունը չի կարող գոյատևել:

Մենք դատապարտում և պահանջում ենք անհապաղ դադարեցնել համազգային բողոքի շարժման մասնակիցների ձերբակալություններն և դաժան խոշտանգումները: Այժմյան բռնաճնշումները հերթական անգամ ցուցադրում են, որ Փաշինյանի կողմից տարբեր հարթակներում հռչակվող ժողովրդավարական մղումները նույնքան հեռու են իրականությունից, որքան իշխանամերձ լրատվամիջոցների ու քարոզչամեքենայի միջոցով հասարակական գիտակցության մեջ ներմուծվող մյուս մտացածին հաջողություններն ու ձեռքբերումները: 

Հայաստանի ներկայիս իշխանությունը պետք է լսի համայն սփյուռքի  ձայնը, որը պահանջում է իրենց հեռացումը: Հեռացում՝ մեկ ժամ առաջ, առանց հասարակական տեկտոնիկ ցնցումների և եղբայրական արյունահեղության: Դա միակ բանն է, որ մնացել է անել իրենց, միակ բանը, որի համար հայ ժողովուրդը, գուցե, շնորհակալ լինի իրենց:

Այսօրվա իրողությունները, ի հակադրություն հայերի մեջ ատելություն և երկպառակություն սերմանելու իշխանամերձ ԶԼՄ-ների փորձերի, թելադրում են համահայկական համախմբման անհրաժեշտություն: Հայկական պետականության ճակատագրի և ապագայի համար պատասխանատուն ողջ հայ ժողովուրդն է, բոլոր տասը միլիոն հայերը, բոլոր նրանք, ովքեր ավելի քան երեսուն տարի առաջ ստեղծեցին անկախ հայ պետականությունը և այսօր պարտավոր են պահպանել այն:   


25.09.2023թ.

Մոսկվա