Առանց գազ ապրելը կլինի չարիքների փոքրագույնը, եթե դառնանք գործիք, որով Արևմուտքը կպայքարի ՌԴ-ի դեմ
2024-03-28 15:32
Ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող հանդիպումը, որին մասնակցելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, առաջին հայացքից բավական գրավիչ է, եթե այն չի արվում տարածաշրջանը՝ ի մասնավորի Հայաստանը հակառուսական ու հակաիրանյան պլացդարմ սարքելու համար։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» զրույցում նշել է ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը։
«Ո՞րն է օրակարգը։ Եթե հետևանք Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե բարձրացվելու է ՀՀ դիմադրողականությունը, ապա դրա ուղղությամբ նախ և առաջ պետք է աշխատեն ՀՀ իշխանությունները՝ մեր ամրություններն ավելացնեն։ Եթե այդ հանդիպման օրակարգում ընկած է դիմադրողականության հարցը, ապա ես չեմ տեսնում, թե այն ձևավորվել է Երևանում։ Եթե այս ամենի հիմքում ընկած է հակառուսական և հակաիրանական օրակարգը, ՀՀ-ն հերթական անգամ կօգտագործվի որպես հարթակ», - նկատել է նա։
Ըստ դիվանագետի, վերջինի պարագայում, դա կունենա ոչ թե անվտանգության բարձրացման, այլ դրա ավելի խոցելի դառնալու հետևանքներ։