Սյունիքում և մյուս օկուպացված հատվածներում սահմանների փոփոխությունն ու դրա հետևանքները (տեսանյութ)
2024-07-22 12:10
Այս պահին Հայաստան-Ադրբեջան սահմանզատման և սահմանգծման գործընթացը կենտրոնացած է Տավուշի մարզում, որտեղ փաստացի գործողություններ են տեղի ունենում, սակայն Հայաստանի Հանարապետության ամենախնդրահարույց հատվածը Սյունիքի մարզն է, որ Արցախի հանձնումից հետո երկու կողմից սահմանակից է Ադրբեջանին։ Հենց Սյունիքում է պաշտոնական տվյալներով մոտ 300 քառ․ կմ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքի զգալի մասը։ Խնդրահարույց են նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում օկուպացված բարձունքները, որտեղից Ադրբեջանը չի պատրաստվում դուրս գալ և այս մասին հայտարարում է երկրի ղեկավարի մակարդակով։ Ըստ տարբեր հաշվարկների Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում օկուպացված է մոտ 220 քառ․ կմ տարածք, Նախիջևանի հետ սահմանում՝ մոտ 50 քառ․կմ, Տավուշում՝ մոտ 33 քառ կմ: Դեռևս 2021թ. մայիսից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք։ Ներքին Հանդից և հարակից գյուղերից օկուպացված է մոտ 22-23 քառ կմ։ Ավելի քան 9 քառ․ կմ օկուպացվել է Ներքին Հանդի հարավից՝ Հանդ-Բարդութաղք հատվածում, խոսքը մոտ 7-8 մարտավարական նշանակության դիրքի մասին է։ Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանը փաստացի իր վերահսկողության տակ է վերցրել մոտ 80 հա տարածք։ Իշխանասար-Սև լիճ հատվածում Ադրբեջանը վերահսկում ՀՀ տարածքի մոտ 15 քառ կիլոմետրոցը հատվածը։ ՀՀ իշխանությունները Շուռնուխում Ադրբեջանին են տվել նույն ԽՀՍՄ ԶՈՒ ԳՇ քարտեզով ՀՀ պատկանող տարածքը։ Բանն այն է, որ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ուղենշային քարտեզները 19 կտոր են, դրանք մեկ տարում չեն կազմվել՝ 1974-1978 թթ են դիտարկվում՝ կախված թե խոսքը որ հատվածին է վերաբերում։ Սյունիքում այդ քարտեզներից մեկը, 1975 թ-ին ստեղծված, ցույց է տալիս, թե որտեղով էր անցնում սահմանը Շուռնուխի հատվածում։ Դա նշանակում է, որ նույնիսկ այդ քարտեզներով Ադրբեջանին 2021 թ․ տրված տները ՀՀ տարածքում են։ Նույն ժամանակահատվածում Շուռնուխում այս քարտեզը/պատճենը կար, գյուղացիները պնդում էին, որ տները Հայաստանում են։ Բայց այդ ժամանակ Ադրբեջանը տարածքը «GPS-ով» էր պահանջում։ ՀՀ իշխանությունն էլ համաձայնվեց, Գորիս-Կապան 21կիլոմետրանոց ճանապարհն էլ անվանեց Էլվազլի։
Տեսանյութում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը և թյուրքագետ Վարուժան Գեղամյանը մանրամասնում են ողջ եղելությունը։