Ռուսաստանի հայերի միության արձագանքը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի հայտարարություններին

2025-01-29 11:59

Ցյուրիխում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի արած հայտարարությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը և Քրեական օրենսգրքին, ինչպես նաև Շվեյցարիայի օրենքներին, խեղաթյուրում են պատմական փաստերը և հանդիսանում են Սփյուռքի և մեր ժողովրդի պատմության նկատմամբ Հայաստանի իշխանությունների չարամիտ քաղաքականության հերթական դրսեւորումը։

Հայաստանի վարչապետը, ով պարտավոր է իր երկրի օրենքներին համապատասխան ձգտել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության համակողմանի ճանաչմանը, կասկածի տակ է դրել տասնյակ երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության պատմականորեն ապացուցված և դատապարտված փաստը` կոչ անելով «վերանայել այս հարցը և հասկանալ, թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ», և ինչու 1939 թվականին, նրա կարծիքով, «ցեղասպանության օրակարգ չկար, բայց արդեն 1950 թվականին այն հայտնվեց օրակարգում»։

Թուրքական նարիտիվները քարոզելու համար Փաշինյանն ընտրեց Շվեցարիան՝ դրանով իսկ ցույց տալով իր արհամարհանքը մի պետության նկատմամբ, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես նաև Հոլոքոստը, քրեական հանցագործություն է:

Ակնհայտ է, որ իշխանության գալուց հետո հեղափոխական շանտաժի միջոցով բարձրագույն կրթության դիպլոմ ստացած Փաշինյանը, ինչպես ցանկացած հայ դպրոցական, քաջատեղյակ է, թե ինչ է տեղի ունեցել ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում, և այժմ նա այս դիսկուրսի մեջ է մտնում՝ նպատակ ունենալով հանրությանը ներքաշել իրեն պարտադրված խայտառակ քննարկման մեջ, որը կհանգեցնի մեր արժեքների ու ձեռքբերումների, ինչպես նաև հայ առաքելական եկեղեցու կողմից սրբադասված Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակի արժեզրկմանը։

Փաշինյանի հայտարարություններին գնահատական է տրվում, ինչպես  Հայաստանի Սահմանադրությամբ և Քրեական օրենսգրքով, այնպես էլ աշխարհի տասնյակ երկրների օրենքներով և հռչակագրերով՝ ներառյալ Ռուսաստանը և մյուս մեծ տերությունները, որոնք դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։

Փաշինյանի հայտարարությունները հակասում են Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված ՄԱԿ-ի բանաձևին, ըստ որի՝ ամեն տարի դեկտեմբերի 9-ը նշվում է որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր», որն ընդունվել է 1915թ-ի մայիսի 2-ի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ հռչակագրում, ինչպես նաև՝ Կոստանդնուպոլսի հատուկ ռազմական տրիբունալի որոշմանը, որը 1919-1920 թվականներին դատապարտել է երիտթուրքերի ղեկավարներին՝ հայերի ջարդերի և տեղահանությունը կազմակերպելու համար։ Ինչպես նաև բազմաթիվ այլ փաստեր, վկայություններ և հայտարարություններ կան, որոնք մինչ օրս կասկածի տակ են դրվել միայն թուրքական իշխանությունների՝ Ցեղասպանության կազմակերպիչների իրավահաջորդների կողմից։

Վերոնշյալ հանդիպման ժամանակ Փաշինյանի կողմից սփյուռքի հասցեին հնչեցրած այլ վիրավորական հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանի հայերի միությունը շուտով կհրապարակի հատուկ հայտարարություն։

25․ հունվարի 2026թ