ԵԱՏՄ-ն ամենահաջողված ինտեգրացիոն նախագծերից է. Արա Աբրահամյան
2022-03-23 15:48
Կարելի է վստահորեն ասել, որ Եվրասիական տնտեսական միությունը ներկայումս հանդիսանում է ամենահաջողված ինտեգրացիոն նախագծերից մեկը, այսօր Երևանում անցկացվող Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանն իր ելույթում ասաց ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանը:
«Մեր խնդիրն է նպաստել երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցությանը, հող ստեղծել ԵԱՏՄ, ԱՊՀ անդամ երկրների, BRICS-ի հինգ անդամ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա), Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և այլ երկրների ու տարածաշրջանների կառավարությունների ու գործարար համայնքների միջև բազմակողմ և նշանակալից գործարքներ իրականացնելու համար», – ասաց Ա. Աբրահամյանը:
Նա ընդգծեց` վերջին տարիներին ԵվրԱզԷՍ-ի բոլոր երկրներում մակրոտնտեսական ցուցանիշները զգալիորեն լավացել են:
«Գործընկերության սահմաններում լուծում է ստացել սոցիալ-տնտեսական խնդիրների ամենալայն շրջանակը: Մասնակից պետությունների միջև ապրանքաշրջանառությունը ավելացել է ավելի քան չորս անգամ: Մեր համագործակցությունը ամրապնդվեց, Եվրասիական տնտեսական միության հեղինակությունը աճեց համաշխարհային ասպարեզում: Մեր հաջողությունները զարգացնելու համար մենք Եվրասիան պետք է վերածենք «խելացի» տարածաշրջանի, այսինքն՝ մի տարածաշրջանի, որտեղ կկիրառվեն նորարարություններն ու հատուկ մասնագիտացումները», – ասաց Արա Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցությանը, ապա, նրա խոսքով, Հայաստանը ձգտում է դառնալ Եվրասիական տնտեսական միության, իսկ ապագայում նաև ողջ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն։ Վերածվել Նոր Մետաքի ճանապարհի «դարպասի»: