Արա Աբրահամյան. «Մենք պետք է վերածենք Եվրասիան «խելացի» կառավարվող տարածաշրջանի»
2022-03-23 15:58
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Երևանում իր աշխատանքներն է սկսել Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
Իր բացման խոսքում «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» ՀԿ և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը նշել է, որ իր կողմից կազմակերպված Համաժողովի խնդիրն է «նպաստել երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցությանը, հող ստեղծել ԵԱՏՄ, ԱՊՀ անդամ երկրների, BRICS-ի հինգ անդամ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա), Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների կառավարությունների ու գործարար համայնքների միջև բազմակողմ և նշանակալից գործարքներ իրականացնելու համար»։
Համաժողովի աշխատանքները նպատակաուղղված կլինեն արդյունավետ այնպիսի լուծումների բացահայտմանը, որոնք խթանում են տարածաշրջանային տնտեսական համախմբումը և ներդրումային հոսքերի ավելացմանը նպաստող բաց նորարարությունների զարգացումը, ասել է Արա Աբրահամյանը:
«Կարելի է վստահորեն ասել, որ Եվրասիական տնտեսական միությունը, որի ծրագրերը մենք խթանում ենք համաժողովի ընթացքում, ներկայումս հանդիսանում է ամենահաջողված ինտեգրացիոն նախագծերից մեկը:
Վերջին տարիներին ԵվրԱզԷՍ-ի բոլոր երկրներում մակրոտնտեսական ցուցանիշները զգալիորեն լավացել են:
Գործընկերության սահմաններում լուծում է ստացել սոցիալ-տնտեսական խնդիրների ամենալայն շրջանակը: Մասնակից պետությունների միջև ապրանքաշրջանառությունը ավելացել է ավելի քան չորս անգամ: Մեր համագործակցությունը ամրապնդվեց, Եվրասիական տնտեսական միության հեղինակությունը աճեց համաշխարհային ասպարեզում:
Մեր հաջողությունները զարգացնելու համար մենք պետք է վերածենք Եվրասիան «խելացի» կառավարվող տարածաշրջանի, այսինքն, մի տարածաշրջանի, որտեղ կկիրառվեն նորարարություններն ու հատուկ մասնագիտացումները:
Եթե յուրաքանչյուր երկիր ինտեգրացիայի համար առաջարկի իր լավագույն ռեսուրսները, տաղանդներն ու հնարավորությունները, ապա ոչինչ չի կարող կանգնեցնել «խելացի» կառավարվող տարածաշրջանի տնտեսական աճը:
Եթե մենք համատեղենք Ռուսաստանի արդյունաբերական հզորությունը, Ղազախստանի բնական պաշարները, Բելառուսի և Ղրղզստանի աշխարհագրական առավելությունները, ինչպես նաև բոլոր մասնակից երկրների մարդկային և մտավոր ռեսուրսները, ապա շուտով մենք կդառնանք ոչ միայն «խելացի», այլև բարգավաճ տարածաշրջան», – իր խոսքում նշել է «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» ՀԿ և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան:
Հիշեցնենք, որ Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովն անց է կացվել 2016թ. հոկտեմբերին։