Աշխարհահռչակ «Սուպերնովա» ընկերությունների խումբը Հայաստանում Արա Աբրամյանի հետ համագործակցության ցանկություն է հայտնել (տեսանյութ)
2022-03-24 15:51
Երևանի Հյուսիսային պողոտայի սկզբնամասում կառուցված նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տեղում նախատեսվում է սկսել ժամանակակից և հարմարավետ առևտրի ու զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնի շահագործման հանձնելու գործընթացը: Հայտնի գործարար և բարերար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի անմիջական մասնակցությամբ կառուցվել է համալիր, որը կդառնա երևանցիների ու Երևանի հյուրերի ամենասիրելի ժամանցի վայրերից մեկը:
Արա Աբրամյանի հրավերուվ այս օրերին Երևանում է գտնվում աշխարհահռչակ «Սուպերնովա» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Յոզեֆ Լիոկամովիչը, ով ծանոթանում է համալիրի հնարավորություններին՝ ներդրումներ կատարելու նպատակով: Երևանում ներդրումներ կատարելու մտադրություններն առավելապես պայմանավորված են այն հանգամանքով, որ, ինչպես Յոզեֆ Լիոկամովիչն է նշում, Արա Աբրամյանի անձնական մասնակցությունը մեծ վստահություն է ներշնչում, ինչի արդյունքում նախագիծը կհաջողվի: Հենց դա է պատճառը, որ նախկին խորհրդային երկրներից «Սուպերնովա» ընկերությունների խումբը կանգ է առել Հայաստանի Հանրապետության վրա՝ հաշվի առնելով Արա Աբրամյանի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը:
«Սուպերնովա» ընկերությունների խումբը մասնագիտացած է աշխարհի տարբեր երկրներում առևտրի և ժամանցի կենտրոնների կազմակերպման և կառավարման մեջ, և մեծ համբավ է վայելում այդ ոլորտում։ Նրա մասնաճյուղերը գործում են Ավստրիայում, Գերմանիայում, Լեհասատանում, Ռումինիայում, Խորվաթիայում և այլ երկրներում: Ընկերության ավելի քան 60 ժամանցային-առևտրային կենտրոնները տարեկան սպասարկում են ավելի քան 60 միլիոն այցելու:
«Պանդեմիայից հետո աշխարհում շատ բան է փոխվել, բիզնեսը դժվարին ժամանակներ է ապրում: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում խոշոր օտարերկրյա ներդրումների համար գրավչության մակարդակը ցածր է, այդուհանդերձ Արա Աբրահամյանի հետ երկարամյա բարեկամությունը և համագործակցությունն է այն գրավականը, որ «Սուպերնովա» ընկերությունների խումբը ցանկանում է ներդրվել նաև Հայաստանում»,- ասում է Յոզեֆ Լիոկամովիչը: