Արցախ
2022-08-01 15:51
44-օրյա պատերազմը ցույց տվեց բոլոր այն բացթողումներն ու քաղաքական-տնտեսական սխալները, որոնց պատճառով կանգնել ենք լրջագույն մարտահրավերների առաջ: Հաշվի առնելով ներկա իրողությունները՝ անհրաժեշտ է իրականացնել գործողությունների այնպիսի համապարփակ ծրագիր, որը թույլ կտա ստղծել առավել գործուն համակարգեր և մեխանիզմներ ոչ միայն դիմակայելու առկա մարտահրավերներին, շտկելու իրավիճակը, այլև հնարավորություն կստեղծի պատրաստ լինել նոր մարտահրավերների:
Ըստ այդմ.
· Վերանայել ազատական տնտեսության և ռազմաարդյունաբերական համալիրի փոխկապակցվածության մոդելը՝ երկրի մարտահրավերների տրամաբանության շրջանակներում: Այդ համատեքստում անհրաժեշտ է.
1. Գնահատել, կարգավորել և վերահսկել ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման մակարդակի ազդեցությունը հակամարտության ընթացքի վրա:
2. Զարգացնել տնտեսությունը՝ հաշվի առնելով դրա մակարդակի ազդեցությունը պատերազմական գործողությունների, թիկունքի նյութական ապահովման վրա:
3. Բարձրացնել պետության վարկանիշը՝ դաշնակիցներից ռազմական, ֆինանսական և տեխնիկական միջոցներ հայթայթելու նպատակով:
4. Ներգրավել շահագրգիռ նոր կողմեր և նրանց տնտեսական կարողությունները՝ հնարավոր նոր պատերազմի դեպքում պատերազմի նախընտրելի տարբերակով ավարտի կամ հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար:
5. Գնահատել և օգտագործել տարածաշրջանային անվտանգության և տնտեսական շահերի պահպանման հարցում շահագրգիռ վերազգային ընկերությունների, ռազմավարական դաշինքների, տարածաշրջանային և միջազգային կառույցների ազդեցությունը հակամարտության կարգավորման վրա:
6. Հնարավորինս մեղմել և կառավարելի դարձնել պատերազմի հետևանքով կապիտալի արտահոսքը, արտագաղթը, ժողովրդագրական անվտանգությունը և այլ սպառնալիքներն ու միտումները:
· Գնահատել և բարձրացնել պետության դերն առերևույթ և «քողարկված» պատերազմների շրջանում:
· Բացահայտել, հանրայնացնել Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը և հասնել դրա միջազգային դատապարտմանը:
· Պայքարել տեղեկատվական հարթակներում և լրատվամիջոցներով հայերի նկատմամբ ատելության և թշնամության ադրբեջանական քարոզչության դեմ:
· Բացահայտել, հանրայնացնել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումները և հասնել դրանց միջազգային իրավական դատապարտմանը:
· Բացահայտել և գնահատել հոգեբանական խնդիրներն Արցախում, օժանդակել դրանց հաղթահարմանը և բարձրացնել Արցախի բնակչության ինքնապաշտպանական կարողությունները: