ԳԻՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
2022-08-01 15:57
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾՐԱԳԻՐ
ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐ
Մի երկրում, ուր ոստիկանությանը պետական բյուջեից տրվում է վեց անգամ ավելի ֆինանսավորում, քան գիտությանը, հնարավոր չէ ակնկալել մտավոր կարողության, ինովացիաների և նոր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացում և որևէ լուրջ առաջընթաց: Հետևաբար պետք է արմատապես վերանայել պետության վերաբերմունքը՝ գիտությանն ու տեխնոլոգիաներին:
Երկրի տնտեսության՝ գիտության և բարձր տեխնոլոգիաների հիմքի վրա մրցակցային առավելությունների ստեղծումը զարգացման առաջնահերթ նախապայման է: Գիտության և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունների զարգացումը հանգեցնում է տնտեսական աճի որակապես նոր գործոնների առաջացմանը: Ժամանակակից տնտեսության մեջ մրցակցային առավելությունը գլխավորապես ձեռք է բերվում գիտելիքների վրա հիմնված արտադրանքների տարբերակման հիման վրա:
Վերջին տարիներին մի շարք քայլեր են կատարվել գիտության ոլորտի առաջանցիկ զարգացումն ապահովելու նպատակով: Այսպես, կատարելագործվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության օրենսդրական և նորմատիվ-իրավական դաշտը, ներդրվել է պետական բյուջեից գիտական ծրագրերի և թեմաների մրցութային և ծրագրային ֆինանսավորման համակարգը: 2008-2009թթ. ստեղծվել է անկախ գիտական փորձաքննության համակարգը, որում ներկայումս ընդգրկված է շուրջ 1,500 գիտնական` հանրապետությունից և արտասահմանից:
Հանրապետության գիտնականների հեղինակությամբ կամ համահեղինակությամբ իրականացվել են միջազգային բարձր մակարդակին համապատասխանող բազմաթիվ աշխատանքներ, որոնք հրատարակվել են հեղինակավոր գիտական ամսագրերում: Համաձայն SCOPUS -ի կողմից ներկայացվող երկրների դասակարգման Հայաստանը բավականին բարձր դիրքեր է զբաղեցնում հատկապես ճշգրիտ գիտությունների` մաթեմատիկայի, ֆիզիկայի և աստղագիտության, կենսաբանության, քիմիայի բնագավառներում հրապարակումների գծով: Այսպես, օրինակ 2011թ. տվյալներով Հայաստանը ֆիզիկա և աստղագիտություն բնագավառում 140 երկրների շարքում զբաղեցրել է 41-րդ դիրքը, իսկ բոլոր ուղղությունների գծով` 63-րդը 59:
Հայաստանում գործում են նաև միջազգային մակարդակով ակտիվ գիտական կազմակերպություններ, լաբորատորիաներ և խմբեր; Մասնավորապես, հանրապետության գիտական կազմակերպությունները մասնակցում են գիտության կարևորագույն հարցերի լուծմանն ուղղված միջազգային լայնամասշտաբ գիտափորձերին այնպիսի կենտրոններում կամ գիտական համագործակցությունների շրջանակներում, ինչպիսիք են օրինակ՝ LHC, HESS, JLab, DESY, JINR և այլն: Օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը նպաստում են հանրապետության գիտնականների ինտեգրմանը միջազգային գիտական և գիտակրթական տարածք և ստեղծում բարենպաստ պայմաններ դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու գործում, ինչի արդյունքում զգալիորեն ավելանում են միջազգային կազմակերպությունների կողմից հանրապետություն ուղղված ֆինանսական միջոցները: 2012-2013թթ. Հայաստանի չորս գիտական կազմակերպություններ հանդես են գալիս որպես ԵՄ FP7 շրջանակային ծրագրերի (2 մլն եվրո ընդհանուր ֆինանսական ծավալներով) համակարգողներ: Վերջին տարիներին կտրուկ ընդլայնվել է միջազգային գիտական համագործակցությունը, մասնավորապես, կնքվել են պայմանագրեր և համատեղ ծրագրեր են իրականացվում Ֆրանսիայի, Բելառուսի, Ռուսաստանի, Գերմանիայի հետ: Բացի այդ, կնքվել են միջազգային կառույցների անդամակցության և ՀՀ-ում դրանց մասնաճյուղերի հիմնման մասին պայմանագրեր:
Չնայած 2001թ. համեմատությամբ անվանական արտահայտությամբ գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի գծով պետական բյուջեի հատկացումները ավելացել են ավելի քան 3 անգամ (2009թ. դրությամբ), ֆինանսավորման հարաբերական ցուցանիշները զիջում են զարգացած և զարգացող մի շարք երկրների համապատասխան ցուցանիշներին: 2008-2010 թթ. ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության ուղղությամբ ծախսերը կազմել են համապատասխանաբար ՀՆԱ-ի 0.19, 0.27 և 0.24 տոկոսը: Համեմատության համար, ԵՄ 28 (ներառյալ՝ Խորվաթիան) երկրների միջին ցուցանիշը 2009թ. կազմել է ՀՆԱ-ի 0.68 տոկոս60։ Կարևոր է ընդգծել, որ ԵՄ երկրներում հետազոտությունների և մշակումների վրա կատարվող համախառն ծախսերի միջինում 1/3-ը բաժին է ընկնում պետությանը, իսկ մնացած մասը կատարվում է մասնավոր աղբյուրներից: Հայաստանում ճշգրիտ վիճակագրություն գիտահետազոտական աշխատանքներին մասնավոր հատվածի մասնակցության վերաբերյալ բացակայում է, այդուհանդերձ, ըստ գնահատականների, մասնավոր հատվածի կողմից հետազոտությունների և մշակումների ուղղությամբ կատարվող ծախսերի տարբերությունը ԵՄ երկրների համապատասխան միջին ցուցանիշի համեմատ էլ ավելի ակնառու է։ Այս առումով. Ոլորտի 59 Աղբյուր` SCImago Lab, www.schimagojr.com, ցուցանիշները կառուցված են SCOPUS-ի բազայի հիման վրա: Բերված դասակարգումը հիմնված է «H» ինդեքսի վրա: «H» ինդեքսը ցույց է տալիս տվյալ երկրի հոդվածների այն (h) թիվը, որոնք ստացել են առնվազն (h) հղում: 60 Աղբյուրը՝ ՏՀԶԿ տվյալների բազա։ ֆինանսավորման ընդլայնման քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու մասնավոր հատվածի կողմից հետազոտությունների ու մշակումների ուղղությամբ ծախսերի կատարման խթանումը։ Այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն իսկ կատարվում են, մասնավորապես` սկսած 2011թ. իրականացում են տնտեսության մասնավոր հատվածի հետ գիտական արդյունքի ձեռքբերմանն ուղղված երկամյա ծրագրեր` համաֆինանսավորման սկզբունքով: Յուրաքանչյուր ծրագրի ֆինանսավորման արտաբյուջետային մասնաբաժինը 2011թ. կազմել է ընդհանուրի առնվազն 15%-ը,
2013թ.` 25%-ը, իսկ ապագայում անցում է կատարվելու արտաբյուջետային մասնաբաժնի 50% սխեմայի:
Այժմ, ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տվյալների, ՀՀ պետական բյուջեից գիտությանը հատկացվող միջոցների մոտ 80%-ը տրամադրվում է հիմնարար հետազոտություններին և միայն 20%-ը` կիրառական ուղղվածություն ունեցող մշակումներին: Մինչդեռ, օրինակ՝ ԱՄՆ-ում, միջոցների 16%-ն է հատկացվում հիմնարար հետազոտություններին, 26-28%-ը՝ կիրառական հետազոտություններին, իսկ 56-58%-ը` փորձակոնստրուկտորական աշխատանքներին և տեխնոլոգիական մշակումներին:
Ֆինանսական խնդրից զատ, որպես գիտելիքահենք տնտեսության զարգացմանը խոչընդոտող գործոններ կարելի է առանձնացնել գիտելիքների ձեռքբերման և դրանց տարածման բարենպաստ միջավայրի բացակայությունը, արդյունաբերության մի շարք ենթաճյուղերում հետամնաց տեխնոլոգիաների առկայությունը, գիտական աշխատանքով զբաղվելու խթանների և գիտական բարձր որակավորման պահանջարկվածության բացակայությունը, տնտեսական մենաշնորհների գոյությունը:
Չափազանց կարևոր դեր ունեն նաև գիտական կադրերի հետ կապված հիմնախնդիրները: Խորհրդային Միության փլուզումից հետո դիտարկվում է գիտական կադրերի համընդհանուր ծերացում, իսկ որոշ ասպարեզներում՝ ամբողջ գիտական դպրոցների վերացումը: Գիտական ներուժի արդյունավետ վերարտադրությանն ուղղված նպատակային քաղաքականության բացակայությունը հանգեցնում է գիտական և գիտամանկավարժական կադրերի սերնդափոխության արդյունավետության ոչ բավարար մակարդակին` զգալի է բնագավառից երիտասարդ կադրերի արտահոսքը: Այս խնդիրը լուրջ դժվարություններ կարող է առաջացնել գիտության զարգացման համար: Գիտության ոլորտի արդյունավետ սերնդափոխությունը ապահովելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից մշակվել է գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիր, որի նպատակն է ստեղծել համապատասխան աշխատանքային և սոցիալտնտեսական պայմաններ երիտասարդ գիտաշխատողների ստեղծագործական ներուժի օգտագործման համար, ինչպես նաև իրականացնել միջոցառումներ գիտության ոլորտի գրավչության բարձրացման ուղղությամբ:
Վերջապես, գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի առկա նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները սահմանափակում են ժամանակակից գիտության պահանջներին համապատասխանող հետազոտությունների իրականացման հնարավորությունները և չեն ապահովում գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը: Սարքավորումների բացարձակ մեծամասնությունը հնացած է ինչը չի նպաստում բարձր մակարդակի գիտական, հատկապես կիրառական բնույթի հետազոտությունների իրականացմանը: Միևնույն ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից արդեն իսկ ներդրվել է գիտության ոլորտի նյութատեխնիկական բազայի և ենթակառուցվածքների արդիականացման ամենամյա ծրագիրը` սկսած 2013թ. մրցութային հիմունքներով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կամ լաբորատորիաների ստեղծման գործընթացին:
Նշված հիմնախնդիրները իրենց արտացոլումն են գտնում տնտեսությունում կատարվող նորարարությունների ծավալում: Թեև բարձր տեխնոլոգիաները համարվում են գերակա ոլորտ ու կոչված են նպաստելու ողջ տնտեսության մրցունակության բարձրացմանը, և վերջին տարիներին միջազգային տարբեր զեկույցներ փաստում են որոշակի առաջընթացի մասին, այդուհանդերձ, այդ փոփոխությունները դեռևս նշանակալի չեն։ Մասնավորապես՝ 2012-2021 թթ. մրցունակության համաշխարհային զեկույցում նորարարությունների ցուցանիշով Հայաստանը 144 երկրների շարքում զբաղեցրել է 105-րդ տեղը (2011-2012 թթ. զեկույցում Հայաստանը նույն ցուցանիշով զբաղեցրել է 112-րդ տեղը՝ 142 երկրների շարքում):
Մի շարք դեպքերում ստեղծված կիրառական գիտական արդյունքները մրցունակ չեն համաշխարհային նորամուծությունների շուկայում: Վերջինս ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Այն հանգամանքը, որ գիտական հետազոտությունների համար չկան զարգացած ենթակառուցվածքներ, հանգեցնում է կիրառական գիտական արդյունքների մրցունակության անկմանը:
Հայաստանում գրեթե բացակայում են արտադրական հսկաները, որոնց շուրջ կարող են ձևավորվել նաև գիտաարտադրական միավորումներ, ինչը կարող է նպաստել արտադրության գործընթացի կատարելագործմանը, ինչպես նաև նպաստել գիտության ոլորտի ֆինանսավորման մեջ տնտեսության մասնավոր հատվածի մասնաբաժնի բարձրացմանը: Դրան զուգահեռ հիմնականում կիրառական գիտական հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների միավորման հիման վրա անհրաժեշտ է ստեղծել գիտաարտադրական միավորումներ: Այդ ուղղության առաջնեկը կենսատեխնոլոգիայի բնագավառում 2010թ. ստեղծված «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնն է, որի կազմի մեջ մտել են «Կենսատեխնոլոգիայի ինստիտուտ», «Միկրոբիոլոգիայի ինստիտուտ» և «Մանրէների ավանդադրման կենտրոն» գիտական հիմնարկները: Միևնույն ժամանակ Հայաստանի արտահանման քաղաքականության մեջ բացակայում է գիտության հաշվին ավելացված արժեք ստեղծելու և արտահանելու բաղադրիչը, չկան գիտական արդյունքների առևտրայնացման ֆինանսավորման ենթակառույցներ: Դրանք նախատեսվում էին մինչև 2020թ., ինչը երկար ժամանակահատված է ներկայիս դինամիկ փոփոխությունների շրջանում:
Այս իմաստով նշանակալի քայլ կարելի է համարել ՀՀ նախագահի՝ տեխնոլոգիական նորամուծությունը առաջին պլան մղելու առաջարկը և արտոնյալ պայմաններ տրամադրելու երաշխիքը բոլոր այն ընկերություններին, որոնք կստեղծեն նոր ապրանքներ ու ծառայություններ, որոնք, իրենց հերթին, կլինեն մրցունակ թե՛ ներքին և թե՛ արտաքին շուկաներում: Նորարարական և բարձրտեխնոլոգիական հենքի վրա մշակված ծրագրերի համար պետությունը առաջին հերթին խոստանում է բավական ծանրակշիռ հարկային արտոնություններ /3-4 տարով ազատել շահութահարկից, հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը և այլն/:
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Գիտության ոլորտի զարգացման տեսլականը Հայաստանի Հանրապետությունը գիտելիքահենք տնտեսություն ունեցող, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների ու մշակումների մակարդակով Եվրոպական գիտատեխնիկական տարածքում մրցունակ երկիր դարձնելն է: Այս տեսլականի իրագործումը պահանջում է.
1) ձևավորել գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգ,
2) արդիականացնել գիտության ոլորտի նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները,
3) ապահովել գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճ,
4) ապահովել երիտասարդ կադրերի ներհոսք գիտության ոլորտ և իրականացնել գիտական ներուժի կառավարելի, սահուն սերնդափոխություն,
5) ապահովել հիմնարար գիտական հետազոտությունների արդյունավետ պետական հովանավորություն և առաջընթաց զարգացում,
6) խթանել տնտեսության մեջ օգտագործվող գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների իրականացումը, նորամուծությունների և արտոնագրերի ավելացումը գիտական կազմակերպություններում,
7) ձևավորել գիտության, տեխնոլոգիաների և նորամուծական գիտելիքների զարգացումն ապահովող ներդաշնակ համակարգ` խթանելով մասնավոր բիզնեսի ներգրավումը գիտության ոլորտ և ապահովել այդ գիտելիքների նպատակաուղղված ներդրումը կրթության և տնտեսության տարբեր ճյուղերում ,
8) էապես ընդլայնել գիտության և տեխնոլոգիաների բնագավառում միջազգային համագործակցությունը:
ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Գիտության զարգացումը պահանջում է համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Անհրաժեշտ է իրականացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի օպտիմալացում և կառուցվածքային բարեփոխումներ` անկախ գերատեuչական պատկանելության միավորելով միևնույն գիտական ուղղության պետական գիտական կազմակերպությունները: Համաձայն ԱՎԾ տվյալների՝ ՀՀ նախարարություններին կից գործում է գիտատեխնիկական աշխատանք իրականացնող շուրջ 35 կազմակերպություն: Որպես դրանց գործունեության արդյունավետության բարձրացման ուղղություն կարելի է դիտարկել առնվազն մի մասի ընդգրկումը ՀՀ բուհերի կամ նույն ուղղվածության գիտական կազմակերպությունների կազմում: Դա, մի կողմից, նախարարություններին կստիպի սերտ համագործակցել գիտահետազոտական ինստիտուտների հետ, իսկ մյուս կողմից՝ գիտական հետազոտությունների արդյունքները կվերածվեն նախարարությունների կողմից իրականացված քաղաքականության:
Գիտահետազոտական ինստիտուտների ընդհանուր թիվն ունի կրճատման միտում, և 2005 թ. առկա 102 ինստիտուտներից 2011 թ. գործել է 72-ը, որից 9-ը կրճատվել է միայն 2010-2011թթ. ժամանակահատվածում: Նման միտումը պայմանավորված է ինչպես գիտական կազմակերպությունների օպտիմալացմամբ, այնպես էլ առանձին գիտահետազոտական ինստիտուտներին հատկացվող ֆինանսական ռեսուրսների, ինչպես նաև անձնակազմի և դրանց աշխատելու արտադրողականությամբ, որոնք կենտրոնացված կարգավորելն ավելի նպատակահարմար է:
Գիտական կազմակերպություններում պետք է ներդնել աշխատանքների կազմակերպման և ղեկավարման ժամանակակից համակարգ, հստակեցնել տնօրենի և գիտական խորհրդի իրավասություններն ու պարտականությունները, սահմանափակել պաշտոններն անընդմեջ զբաղեցնելու ժամանակահատվածը: Կարևոր է նաև գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման ժամանակակից մեխանիզմների մշակումն ու ներդրումը` ապահովելով գիտական կազմակերպությունների պետական ֆինանսավորման ծավալների ուղղակի կախվածությունը ստացվող արդյունքներով և ներդնելով բարձր արդյունավետությամբ աշխատող գիտական կազմակերպությունների խրախուսման մեխանիզմներ: Այդ մեխանիզմների ներդրումը պետք է զուգակցվի նաև բարձր արդյունավետությամբ աշխատող գիտական աշխատողների անհատական խրախուսման ծրագրով (այդպիսի առաջին մրցույթը ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն անցկացրել է 2013թ.), որը նպաստում է ինչպես ոլորտի սոցիալական արդարացիության մակարդակի բարձրացմանը, այնպես էլ երիտասարդ գիտական աշխատողների մոտ իրենց աշխատանքային կարիերայի աճի նկատմամբ վստահության աստիճանի ավելացմանը:
Հայաստանում գիտության հիմնահարցերից է նաև գիտության տարածքային բաշխվածության գրեթե բացակայությունը կամ անհամաչափությունը: 2011թ. դրությամբ մարզերում են գտնվել գիտատեխնիկական աշխատանքներ իրականացնող 72 կազմակերպություններից միայն 11-ը: Երեքական կազմակերպություն գործել է Կոտայքի և Արագածոտնի մարզերում, երկուսը` Շիրակում և մեկական` Արարատում, Արմավիրում և Սյունիքում:
Մնացած մարզերը չունեն գիտահետազոտական ինստիտուտներ: Պետական քաղաքականությունն այս առումով պետք է նպատակաուղղել նաև մարզերում գիտության զարգացմանը, քանի որ տարածքային համաչափ զարգացման քաղաքականության հիմքում պետք է լինի նաև գիտության տարածքային համաչափ զարգացման խնդիրը: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մարզերում գիտության զարգացումը ինքնանպատակ լինել չի կարող և պետք է պայմանավորված լինի տնտեսության ճյուղային զարգացման առանձնահատկություններով: Այդ հետազոտական կենտրոնների բազայի վրա հետագայում արդեն կարելի է իրագործել ամեն մարզում մի տեխնոպարկ ունենալու ծրագիրը, որը համապատասխան մարզի համար կստեղծի նորամուծական հենքի վրա զարգացման հնարավորություններ:
ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
Գիտության զարգացման հիմքում դրվում է գիտության միասնականացման, գիտության զարգացման գերակայությունները: Հայաստանի գիտության և տեխնիկայի զարգացման 2010-2014թթ. գերակայությունները սահմանվել են ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 27-ի N 640-Ն որոշմամբ: Դրանք են` հայագիտություն, հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտություններ, գիտություններ կյանքի մասին, վերականգնողական էներգետիկա, էներգիայի նոր աղբյուրներ, առաջատար տեխնոլոգիաներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տիեզերքի ուսումնասիրություն, երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում, կարևորագույն կիրառական հետազոտությունները խթանող հիմնարար գիտություններ: Նախատեսվում է, որ այդ գերակայությունները վերասահմանվելու են յուրաքանչյուր հինգ տարին մեկ: Բացի դրանցից, գիտության զարգացումը ենթադրում է գիտության ոլորտի կառավարման հմտություններով օժտված մենեջերների (կառավարիչների) անհրաժեշտություն, ինչը լուրջ խթան կլինի ֆինանսական ռեսուրսների ներգրավման և դրանք ավելի մրցունակ հետազոտական թիմերին տրամադրելու գործում:
Գիտության ոլորտում զարգացման հիմնական գերակայություններն են ոլորտի ֆինանսական ռեսուրսների ավելացումը: Մասնավորապես՝ գիտության ոլորտում ծրագիրը նպատակադրում է ավելացնել գիտությանը հատկացվող գումարները և գիտնականի աշխատավարձը հասցնել միջին աշխատավարձին, իսկ գիտատար և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունների և ծառայությունների բաժինը երկրի ընդհանուր ՀՆԱ-ում առաջիկա 10 - 15 տարվա ընթացքում պետք է դառնա գերակշռող՝ ներկայիս 2 տոկոսի փոխարեն:
Գիտության զարգացման հիմնական գործոնը մարդկային ռեսուրսներն են, ուստի անհրաժեշտ է մշակել և ներդնել գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման և հաստատման ծրագիր: Այդ ծրագրի կարևորագույն տարրերից են ինչպես երիտասարդ գիտական աշխատողների աշխատանքային ու սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման հարցերը, այնպես էլ գիտական աշխատողի կարիերայի գրավչության բարձրացման խնդիրները և այն գիտական աշխատողների և կազմակերպությունների խրախուսման հարցը, որոնք բարձր արդյունավետությամբ իրականացնում են գիտական կադրերի պատրաստումը: Բացի դա, սկսած 2011թ. իրականացվում են ինչպես ասպիրանտների աջակցության ամենամյա, այնպես էլ երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության երկամյա դրամաշնորհային ծրագրեր: Պետք է նշել, որ չափազանց կարևոր նշանակություն ունի գիտական աշխատողների կարիերայի գրավչության մակարդակի բարձրացումը և այդ նպատակով ներդրվել է գիտաշխատողների անհատական խրախուսման մեխանիզմը: Մոտ ապագայում անհրաժեշտ է ձևավորել գիտական աշխատողի մասնագիտական կարիերայի հստակ մեխանիզմ` ասպիրանտուրայից դեպի մշտական աշխատանք, համաձայն զարգացած երկրներում գործող մոդելների:
Միևնույն ժամանակ բարեփոխումների պետք է ենթարկվի գիտական կադրերի պատրաստման պետական պատվերի մեխանիզմը: Հարկավոր է իրականացնել միջոցառումներ ուղղված ասպիրանտական ուսուցման բովանդակային բարեփոխումներին ու ատենախոսությունների գիտական մակարդակի բարձրացմանը: Պետք է անցում կատարել ասպիրանտական ուսուցման քառամյա ժամկետների և ներդնել եվրոպական գիտակրթական չափանիշներին համադրելի գիտական աստիճանաշնորհման ժամանակակից համակարգ: Գիտական և գիտակրթական կադրերի պատրաստման ժամանակակից եղանակների ներդրման ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի Հայաստանում հետազոտական համալսարանների ստեղծումը: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ համալսարաններում հնարավոր է անհամեմատ ավելի բարձր արդյունավետությամբ զուգակցել ուսուցման գիտական և կրթական բաղադրիչները` ակտիվ գիտական միջավայրում է հնարավոր պատրաստել բարձր որակավորում ունեցող և գիտության ժամանակակից պահանջներին համապատասխանող մասնագետներ: Ընդ որում, մեր հանրապետության համար ավելի նպատակահարմար է հետազոտական համալսարաններում իրականացնել մագիստրոսի և բարձրագույն մասնագիտական կրթության հենքի վրա ասպիրանտի, հայցորդի ծրագրերով հետբուհական մասնագիտական կրթություն: Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության բնագավառների վերլուծությունը ցույց է տալիս, որ մոտ ապագայում հնարավոր է ստեղծել տեխնոլոգիական հետազոտական համալսարան` բնական գիտությունների հենքի վրա: Երկրորդը` անհրաժեշտ է մշակել և ներդնել օտարերկրյա պետությունների կամ միջազգային առաջատար գիտական կամ գիտակրթական կենտրոններում նպատակային ասպիրանտական կրթության և հետդոկտորանտուրայի կազմակերպման մեխանիզմներ:
Հայաստանում գիտության զարգացման համար առաջնային խնդիրներից է գիտական գործունեությանը անհրաժեշտ զարգացած ենթակառուցվածքների ձևավորումը. ժամանակակից հետազոտական լաբորատորիաները, նորամուծու-թյունների մշակման կենտրոնները, տեխնոպարկերը կարող են մի շարք ծրագրեր իրականացնել, ինչպես նաև հանդիսանալ այն պլատֆորմը, որտեղ կներգրավվեն հեղինակավոր մասնագետներ, կիրականացվեն համատեղ գիտական ծրագրեր:
Առաջավոր գիտահետազոտական կազմակերպությունների հետ համատեղ կոնսորցիումային ծրագրերի մշակման խնդիրը պետք է լուծել երկու մոտեցումների միջոցով. նախ, անհրաժեշտ է ստեղծել այդ ծրագրերով զբաղվող կենտրոններ, ինչպես նաև ներգրավել կադրեր, որոնք ունեն նման ծրագրեր իրագործելու, հայտեր կազմելու և միջազգային համագործակցություն իրականացնելու բավարար ունակություններ: Այս պարագայում լիարժեք կարող է միավորվել Սփյուռքի և հայ գիտնականների ներուժը: Այդ նպատակին ուղղված քայլերից առաջինը ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից մշակված հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագիրը: Ժամանակակից գիտության և տեխնիկայի արդյունավետ զարգացումը պահանջում է գիտնականների և բոլոր շահագրգիռ անձանց համար հասանելիության առավել մեծ հնարավորություններ՝ գիտական շրջանակների թողարկած տեղեկատվության աղբյուրներից օգտվելու առումով: Ժամանակակից գիտության և տեխնիկայի ասպարեզում կարևոր է ընդգծել գիտելիքի և տեղեկատվության համատեղ օգտագործման և տարածման գործընթացների կարևորությունը: Յուրաքանչյուր համալսարան պետք է ունենա տեղեկատվական համակարգ, որում կպահպանվեն տվյալներ այդ կոլեկտիվներում իրականացվող գիտական նախագծերի մասին: Այդպիսի համակարգերի տվյալների բանկը ներառում է տեղեկատվություն, որն այդ համակարգի հետ անմիջաբար կապված գիտական կոլեկտիվների աշխատանքի արդյունքն է: Միաժամանակ, գրադարանային կազմակերպությունների համակարգերը հնարավորություն են տալիս պահպանելու տեղեկատվություն որոշակի ոլորտի գիտական հոդվածների, անձանց, թեմատիկ գրացուցակների (կատալոգների) մասին: Անհրաժեշտ է նաև ապահովել տարբեր աղբյուրներից տեղեկատվության կուտակման ավտոմատացումը, ինչը ենթադրում է իրականացված գիտական հետազոտությունների տեղեկատվական համակարգերի տվյալների ինտեգրում: Այդ ուղղությամբ արդեն իսկ ստեղծվել են համապատասխան տեղեկատվական համակարգեր բուհերում (օրինակ` Երևանի պետական համալսարանում), կնքվել են համապատասխան պայմանագրեր միջազգային գիտատեղեկատվական համակարգերից (Thomson Reuters, Springer) ազատ օգտվելու նպատակով, ստեղծվել է վիրտուալ գիտական գրադարան (Virtual Science Library):
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ - ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԸ
Պետք է նպաստել գիտության և արտադրության խզված կապերի վերականգնմանը. յուրաքանչյուր արտադրական ձեռնարկության գործունեության առաջնային նպատակը պետք է լինի նորամուծությունը, որը կարող է նպաստել զարգացման նոր մակարդակների ձեռքբերմանը: Այս իմաստով կարևոր նշանակություն են ստանում նոր ապրանքանիշերի, նոր արդյունքների գրանցումը, ինչպես նաև գիտական նոր հայտնագործությունների արտոնագրումը և դրանց առևտրայնացման ուղղությամբ քաղաքականության իրականացումը:
Կարևոր է նաև գիտական կազմակերպությունների համար նպաստավոր տնտեսական միջավայրի ձևավորումը, դրանց ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունների ընդլայնումը:
Գիտության առևտրայնացման նպատակով անհրաժեշտ է ապահովել պետական օժանդակություն կիրառական բնույթի հետազոտությունների իրականացման գործում: Գիտատեխնիկական նման խնդիրների լուծման նպատակով պետք է օգտագործել պետական-մասնավոր գործակցությունը` իրականացնելով ծրագրեր մասնավոր հատվածի հետ համաֆինանսավորման սկզբունքով: Այդպիսի ծրագրեր արդեն իսկ իրականացվում են, տնտեսության մասնավոր հատվածի 15% (2011թ.) և 25% (2013թ.) համաֆինանսավորմամբ: Ապագայում անհրաժեշտ է մեծացնել այդ նպատակի համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների ծավալները և բարձրացնել արտաբյուջետային միջոցների մասնաբաժինը մինչև 50%: Բացի դա, պետք է մշակվեն պետական նպատակային ծրագրեր, որոնք ուղղված կլինեն տնտեսության այս կամ այն ոլորտի կոնկրետ խնդիրների լուծմանը և պետք է կազմվեն գիտության ոլորտում պետական քաղաքականությունը մշակող ու իրականացնող պետական մարմնի և համապատասխան գիտահետազոտական աշխատանք իրականացնող հաստատության կողմից:
Գիտելիքահենք տնտեսության զարգացման գործում կարևոր նշանակություն ունի արդյունավետ գործող նորամուծական համակարգի ձևավորումը: Այս առումով կարևորվում է հետազոտությունների և մշակումների ոլորտում վենչուրային կապիտալի ներգրավումը, գիտաարտադրական կենտրոնների ստեղծումը, բուհերում բիզնես ինկուբատորների կամ տեխնոպարկերի հիմնումը:
Կարևոր է Հայաստանում ժամանակակից արտադրությունների կազմակերպումը, ինչն, իր հերթին, կհանգեցնի ստեղծված գիտական արդյունքների մրցունակության բարձրացմանը: Կարևորվում է նաև գիտական արդյունքների առևտրայնացման կենտրոնների ձևավորումը: Այս կենտրոնները պետք է մասնագիտանան երկու հարցում` հստակեցնեն` ինչ է անհրաժեշտ արտադրողներին և այդ չափանիշները ներկայացնեն գիտնականներին, իսկ վերջում կատարեն միջնորդական ծառայություն և ապահովեն ստեղծված արդյունքների առևտրայնացումը: 494. Ամեն կերպ կխթանվի ՓՄՁ-ների նորամուծական գործունեությունը: Միաժամանակ, կարևորվում է արտադրության լոկոմոտիվ և գերակա ճյուղերի (քլաստերների) բազմազանեցման քաղաքականությունը, այսինքն` քլաստերների հիմնումը գիտության բազայի վրա, այնտեղ, որտեղ կա գիտական ներուժ, զարգացնելով այդ ոլորտը: Մյուս կողմից, անհրաժեշտ է խթանել ՓՄՁ-ների արտադրական գործունեությունը, քանի որ առևտրի ոլորտը Հայաստանի ՀՆԱ-ում հասել է 12%-ի, իսկ դա վկայում է զգալի չափով ՓՄՁ-ների առևտրային բնույթի գերակայության մասին: 495. Մտավոր սեփականության կառավարման բնագավառում համակարգված բարեփոխումները միտված կլինեն մտավոր գործունեությունից ստացված արդյունքների պաշտպանությանը և Հայաստանում ու արտերկրում դրանց իրացմանը: Առաջնային խնդիրներից են օրենսդրական դաշտի կատարելագործումը, ազգային կադրերի պատրաստումը, ըստ տնտեսության ճյուղերի՝ գյուտարարական ակտիվության պարբերական հետազոտումը, մտավոր սեփականության մասին տեղեկատվության համակարգչային համակարգի և համարժեք ենթակառուցվածքների ստեղծումը:
Հարկային քաղաքականությունը պետք է դարձնել երկրի մտավոր, կրթական ներուժի պահպանման հիմնասյուներից մեկը: Հարկային խթանները պետք է դառնան մտավոր ներուժի պահպանման ու ամրապնդման արդյունավետ միջոցը:
Առանձին հետազոտության առարկա է ՀՀ ԳԱԱ համակարգում գործող գիտական հիմնարկների ներուժի հաշվառումը և ոլորտային զարգացման հեռանկարները: