ՍՓՅՈՒՌՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՆ

2022-08-01 15:59

Սփյուռքի վերաբերյալ հայեցակարգի ստեղծման անհրաժեշտությունը բխում է ինչպես Սփյուռքի, այնպես էլ՝ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների շահերից, քանի որ այն հնարավորություն է ընձեռում լուծելու ոչ միայն Սփյուռքի, այլև Հայրենիք-Սփյուռք (կամ Հայաստան-Արցախ-Սփյուռք) կապերի ռազմավարությանն առընչվող խնդիրները և ռազմավարական ծրագրերի իրականացման միջոցով ապահովում ընդհանուր նպատակներից ու ազգային միասնական շահերից բխող նրանց ռազմավարական կապը: Ըստ էության՝ Սփյուռքի հետ կապերի հիմնական նպատակը Հայրենիք-Սփյուռք միասնության ապահովումն է, իսկ Հայրենիք-Սփյուռք միասնության հիմնական նպատակն էլ նրանց նյութական և մտավոր ներուժի համատեղման միջոցով ինչպես Սփյուռքի, այնպես էլ Հայրենիքի հիմնախնդիրների և համահայկական խնդիրների լուծման գործում դրական փոփոխություններ առաջացնելու համար անհրաժեշտ հնարավորություններ ստեղծելը և դրանց համապատասխան գործառույթների ապահովումն ու բաշխումը նրանց միջև: Առաջին հայացքից պարզ ու հասկանալի թվացող, սակայն ոչ այնքան դյուրին այս գործընթացն այնքան էլ հեշտ լուծվող խնդիրներից չէ, թեկուզ այն պատճառով, որ գործ ունենք 2 տարբեր իրավակազմակերպական կառուցվածք ունեցող սուբյեկտների հետ, որոնցից մեկը նույնիսկ որևէ իրավաքաղաքական կարգավիճակ էլ չունի, սակայն, շնորհիվ գաղթօջախներում ազգապահպան գործունեություն իրականացնող եկեղեցական, քաղաքական և հասարակական կազմակերպությունների, նախևառաջ՝ հայրենակցական և բարեգործական միությունների միասնական ջանքերով ինքնակազմակերպվելով,  ներկայանում է որպես աշխարհասփյուռ հայերի միասնական համայնքային կառույց, չհաշված օտարերկրյա տարբեր պետություններում հիմնվելու պատճառով հանրային ու քաղաքացիական տարբեր իրավասություններով օժտված լինելն ու ազգային-կրոնական տարբեր միջավայրերում գոյատևելու հետևանքով ձևավորված բազմաշերտ ու բազմազան կառուցվածքը, ինչպես նաև Հայրենիքից ֆիզիկապես կտրված ռւ իրավապես անջատված լինելու հետևանքով գոյացած համայնքների հայրենազուրկ ու անպաշտպան և ներքին ու արտաքին մարտահրավերների, մասնավորապես՝ ուծացման վտանգի դեմ անզոր վիճակը:              Ուստի, վերոհիշյալ գործընթացն իրականացնելու համար, նախևառաջ, պետք է ամբողջական գաղափար կազմել Սփյուռքի, նրա առաջացման ու գոյատևման, ինչպես նաև նրա խնդիրների ու հիմնախնդիրների և նրանց ի հայտ գալու հանգամանքների, այդ թվում նաև նրանց լուծմանը խոչընդոտող պատճառների մասին, ապա փորձել համատեղել այդ բոլոր խնդիրները Հայրենիքի և Սփյուռքի ընդհանուր նպատակների շուրջը, որից հետո միայն կնշմարվեն այն ուղիները, որոնք թույլ կտան ոչ միայն զարգացնել անցած տասնամյակների ընթացքում տարերայնորեն ձևավորված և ներկայումս անբավարար մակարդակի վրա գտնվող Հայրենիք-Սփյուռք կապերը, այլև վերաիմաստավորել ու վերակառուցել դրանք այնպես, որ նրանք վերածվեն իրոք ռազմավարական կապերի: Սույն Հայեցակարգի ստեղծման նպատակը ոչ միայն Սփյուռքի և նրա հետ կապերի հաստատմանը նպաստող անհրաժեշտ գործընթացների իրականացման համար ռազմավարական ծրագրերի առաջադրումն է,  այլև Հայրենիք-Սփյուռք ռազմավարական կապերի հաստատմանը խոչընդոտող խնդիրների բացահայտումն ու դրանց հաղթահարման վերաբերյալ լուծումներ գտնելը:

Ուստի «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտն ունի հստակ ձևաչափ Սփյուռքի հիմնախնդիրների և նրանց լուծման ուղիների համար, որոնց վերջնական լուծման արդյունքում Սփյուռքը համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ այլևս կունենա խոշոր խաղացողի դեր և կդիտվի որպես Հայաստանի մրցկցային առավելություն համաշխարհային տնտեսության ինտեգրման մեջ: