«Արարատյան Ալյանս» ինստիտուտի նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունը
2022-08-02 13:24
Սիրելի՛ հայրենակիցներ,
Վերջին աշխարհաքաղաքական զարգացումներն և
իրավիճակը Հայաստանի և Արցախի շուրջ, վեր հանեցին Հայաստանի և Սփյուռքի բոլոր
հայրենասեր ուժերի, ինչպես նաև մեր ազգի բարեկամների փոխհամագործակցության սուր
անհրաժեշտությունը՝ մեր հայրենիքում տեղի ունեցող ապակառուցողական գործընթացների
դեմ միավորելու և դրանք կանգնեցնելու, Հայաստանի և Արցախի զարգացման միասնական
ճանապարհային քարտեզ ձևավորելու նպատակով՝ հաշվի առնելով արդի գլոբալ
մարտահրավերներն ու միտումները:
1991-ին Հայաստանի անկախացումից ի վեր
պետության և հասարակության մեջ կուտակված խնդիրներն ու տագնապալի երևույթները՝
տնտեսական, սոցիալական, քաղաքական, մտավոր, մշակութային, կրթական և հոգևոր
ոլորտներում, լուծումներ չստանալով, փոխանցվել են մի նախագահից մյուսին՝ հանգեցնելով
խորը ճգնաժամի, որը իր նոր կողմերը բացահայտեց 2018 թվականի այսպես կոչված «թավշյա
հեղափոխության» արդյունքում ստեղծված իշխանափոխությունից հետո:
Հասարակության
բարոյահոգեբանական վիճակը, որն ավելի կարևոր է համարում կենցաղային ակնթարթային
կարիքները, քան Հայաստանի և Արցախի առջև ծառացած ճակատագրական մարտահրավերները,
հետին պլան մղեց այնպիսի հարցեր, ինչպիսիք են պետականության պահպանումը,
սահմանների ամբողջականությունը, երկրի և քաղաքացիների անվտանգության ապահովումը, Արցախի
անկախ լինելու կարգավիճակը, ժամանակակից պաշտպանունակ բանակի և մրցունակ
տնտեսության կառուցումը, արդյունավետ արտաքին քաղաքականության ձևավորումն և սփյուռքի
հետ համակարգային հարաբերությունների ստեղծումը։
Հայաստանը կանգնել է «երկատման
կետի» առաջ, երբ յուրաքանչյուր հայից է կախված պետության ու ազգի ճակատագիրը։
Բոլորից՝ անկախ նրա բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից։ Այն ինչ տեղի է
ունենում այսօր և ինչ կլինի վաղը Հայաստանի և Արցախի՝ հետևաբար նաև ողջ հայության
հետ, անհնար է այլևս պատասխանատվությունը դնել անարդյունավետ կառավարության և կամ
բզկտված ընդդիմության վրա:
Ցավոք, մենք ո՛չ ընդդիմության,
ո՛չ իշխանությունների մոտ չենք տեսնում արարող նպատակներ, համաշխարհային ու
տարածաշրջանային գործընթացների հստակ ուղղություններ և Հայաստանի՝ նոր
աշխարհակարգում տեղի ու դերի գիտակցում, երկրի զարգացման կոնկրետ ծրագիր և առավել ևս
մեխանիզմներ վերընշված կարևոր կետերն իրականացնելու համար։
Վերջին տարիներին աշխատելով
դրա վրա՝ մենք ձևավորել ենք համահայկական համախմբող ժամանակակից հարթակ, որը
կոչվում է «Արարատյան Ալյանս» Հայաստանի և Արցախի ռազմավարական զարգացման
ինստիտուտ (Արարատ Ալյանս ինստիտուտ):
Մեր կողմից Հայաստանի և Արցախի զարգացման տարբեր ուղղությունների գծով մշակված ճանապարհային քարտեզի նախագիծը հրապարակված է «Արարատյան Ալյանս» կայքում, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը հնարավորություն ունենան ուսումնասիրել այն և իրենց առաջարկներն ու գաղափարներն ուղարկել կազմկոմիտեին։ Դրանք կհամակարգվեն և յուրաքանչյուր ուղղության համար կներկայացվեն քննարկման այս տարվա աշնանը նախատեսված «Արարատյան Ալյանս» ինստիտուտի ֆորումի ընթացքում։ Համաժողովում ամփոփված ծրագիրը, մինչ Հայաստանի և Արցախի պահպանման և զարգացման ազգային ճանապարհային քարտեզի կարգավիճակ ստանալը, յուրաքանչյուր ոլորտում կենթարկվի փորձագիտական գնահատականի այս ոլորտի միջազգայնորեն ճանաչված համաշխարհային մակարդակի մասնագետների կողմից: (Ֆորումի և նախագծերի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.araratalliance.am կայքում):
Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր մտածում են իրենց երեխաների, ընտանիքի և մեր ընդհանուր հայրենիքի ճակատագրի մասին՝ իշխանության ներկայացուցիչներին, մտավորականներին, բիզնեսմենների, գիտության, սպորտի և մշակույթի ներկայացուցիչներին՝ անտարբեր մի՛ եղեք, միացեք «Արարատյան Ալյանս»-ին, և մենք միասին կհասնենք նրան, որ Հայաստանը գնա ո՛չ թե պետականության քայքայման տանող ստի ու աղքատացման, արտագաղթի ու երկրի ավերման ճանապարհով, այլ կբռնի մրցունակ տնտեսության և համակարգային ապահով պետություն կառուցելու ուղին, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա իր արժանի տեղը։
Այսօր յուրաքանչյուր հայ, մեզանից
յուրաքանչյուրը, ով շարունակում է սիրել և հավատալ Հայաստանին, պետք է անի ամեն
ինչ իր Հայրենիքի համար։ Հատկապես դիմում եմ ֆինանսական մեծ ներուժ ունեցող և
կայացած հայերին. Մենք արդեն թանկ ենք վճարել բիզնես էլիտայի ու մտավորականության
ներկայացուցիչների լռության ու պատեհապաշտության համար, ովքեր չեն հասկանում կամ
ձևացնում են, թե չեն հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ ենք կորցրել ու կորցնում։
Եկել է ժամանակը բացահայտորեն արտահայտելու սեփական դիրքորոշումը և համախմբվելով՝ պայմաններ
ստեղծել երկրի քաղաքական և տնտեսական ներուժի բացահայտման և դիվանագիտական
վրեժխնդրության համար՝ օգտագործելով միջազգային համագործակցության արդյունավետ
մեթոդներն և սփյուռքի հետ փոխգործակցության մեխանիզմները։
«Արարատյան Ալյանս»-ի շուրջ համախմբվելով, որտեղ ներդրվել է ոչ միայն փորձագիտական, սոցիալ-քաղաքական
և գիտա-տեխնոլոգիական ներուժ, բայց և իմ՝ պետական և միջազգային
կազմակերպությունների ղեկավարների, կորպորացիաների և կառույցների ղեկավարների,
հասարակական առաջնորդների հետ բազմամյա համագործակցության և կապերի անձնական
փորձը, մենք կկարողանանք ճանաչել մեզ որպես միասնական համայնք, և կհաղթենք՝
օգտագործելով այս իրական պատմական հնարավորությունը:
Միևնույն ժամանակ, եթե կան ուժեր և անհատներ,
ովքեր կարծում են, որ իրենք ի վիճակի են ավելի արդյունավետ կերպով հաղթահարել
առաջադրված խնդիրները, մենք պատրաստ ենք նրանց փոխանցել մեր փորձը և «Արարատյան Ալյանս»-ի կուտակած
ներուժը։ Մենք պատրաստ ենք նաև դիտարկել առկա այլ նախագծեր, որոնք ունեն ազգային
զարգացման ծրագրեր՝ դրանց իրականացման համար մշակված մեխանիզմներ, և եթե կան
այդպիսինները, ի՞նչու ո՛չ միացեք մեզ հանու՛ն մեր Հայրենիքի և մեր ինքնության
պահպանման, հանու՛ն Ազգային արժանապատվության ու մեր արժեքների վերադարձի ու
վերածնման համար։
Սպասում ենք ձեր արձագանքներին և առաջարկներին
և ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը մեր Հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի
պահպանման և զարգացման միասնական համազգային ճանապարհային քարտեզի ձևավորմանը։
Արա Աբրահամյան
«Արարատյան Ալյանս» ինստիտուտի
նախագահ 2
օգոստոս 2022թ