Հայաստանի և Արցախի զարգացման ճանապարհային քարտեզ
2022-08-24 10:54
«ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱԼՅԱՆՍ» մտքի կենտրոնի կողմից մշակվել է Հայաստանի և Արցախի զարգացման ճանապարհային քարտեզ, որը կառուցված է ներկայիս մարտահրավերների և դրանց դիմակայելու առաջնահերթությունների խորքային ուսումնասիրության, ներկա իրավիճակի ախտորոշման, մասնագիտական սթափ գնահատականների, ինչպես նաև ստեղծված իրավիճակին համարժեք իրատեսական սցենարների մշակման վրա:
Համապարփակ պաշտպանության և անվտանգության հայեցակարգ
Այնպիսի անորոշ ապագայի պայմաններում, երբ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնց ականատեսն է դառնում նաև մեր հասարակությունը անմիջապես իր վրա կրելով տարածաշրջանային, քաղաքական, տնտեսական տարածքային և գեոպոլիտիկ բևեռների ուժային տատանումները, «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտն առաջարկում է անվտանգության և պաշտպանության հայեցակարգում առաջնահերթություն տալ համապարփակ պաշտպանության մոդելին: Պատմականորեն ձևավորված պաշտպանության և անվտանգության կառուցման ամբողջական, համապարփակ մոտեցումը կառուցված է ո՛չ միայն պետության, այլ ամբողջ հասարակության վրա:
Համապարփակ անվտանգության մոդելը ընդգրկում է ո՛չ միայն պատերազմ, այլև ճգնաժամային կառավարում, ո՛չ միայն ռազմական սպառնալիքներ, այլև խաղաղ ժամանակաշրջանի մարտահրավերներ երկրի և հասարակության համար: Այդ պատճառով մեր կողմից առաջարկվող անվտանգության համապարփակ մոտեցումը կարող է դիտվել որպես արտաքին ագրեսիայի և ճնշման նկատմամբ պետության և ժողովրդի դիմադրողականությունը բարձրացնելու, ինչպես նաև այդ դեպքում զինված ուժերի և ամբողջ հասարակության անհրաժեշտ օպերատիվ միջավայր ապահովելու միջոց:
Այն կարելի է հասկանալ նաև որպես փիլիսոփայություն կամ մտածելակերպ, որն ուղղված է սիներգիայի հասնելուն՝ համակարգելով կամ գոնե վերացնելով անվտանգության համակարգի դերակատարների միջև հակասությունները:
Հայաստանն ինքը պետք է իր հուսալի պաշտպանության և անվտանգության համակարգը ստեղծի, որը ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում կարողանա ապահովել իր անվտանգությունը: Սակայն ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը ռեալ գնահատելով՝ կարծում ենք, որ ՀՀ-ն միայնակ չի կարող իրականացնել պաշտպանություն. պետք են դաշնակցային ուժեր:
ՀՀ-ն պետք է վարի՝
1. հավասարակշռված և անկեղծ քաղաքականություն իր բոլոր դաշնակիցների նկատմամբ
2. հնարավորության սահմաններում պետք է ընդլայնի դաշնակիցների թիվը,
3. ներգրավվի տարածաշրջանում ընդհանուր շահեր և անվտանգային խնդիրներ ունեցող այլ երկրների կամ խաղացողների, այլ ոչ թե պարտվածի հոգեբանությամբ կամ թշնամու պահանջով հրաժարվի օգնություն խնդրել իր բարեկամներից ու դաշնակիցներից:
Պաշտպանության և անվտանգության նոր համակարգի կառուցումը, ի վերջո, հանգեցնում է նոր հայկական պետության առաջացմանը, որն իրեն համարելով բևեռ, ի վիճակի է իր շուրջը ստեղծել հայ ժողովրդի և նրա պետականության անվտանգությունն ու զարգացումն ապահովող միջավայր։
Նոր Հայաստանը պետք է դառնա համայն հայության պետությունը՝ կառուցված պատմական Միացումի հիման վրա, որը ձեռք է բերվում հայ քաղաքակրթության և մշակույթի պատմության մեջ բացերի վերացման միջոցով։ Բացի այդ, հայկական պետությունը պետք է ապավինի ներկայի միացմանը, երբ ապահովված է հայ ժողովրդի միասնությունը Պատմական Հայաստանի տարածքում և ամբողջ աշխարհում՝ թույլ տալով իրացնել հայության հնարավորությունները՝ որպես համաշխարհային երևույթ։ Հայոց պատմության և ներկայի ամբողջականությունը հուսալի հիմք է դառնում հայոց ապագայի և Հայաստանի պետական ու ազգային ինքնիշխանության համար։ Նման հիմքը հնարավորություն է տալիս կառուցել պետականություն և պաշտպանական ու անվտանգության համակարգ, որն ի վիճակի է արձագանքել հայ ժողովրդի ներկա և ապագա մարտահրավերներին ու սպառնալիքներին։
Օրինակ՝ ներկայումս Հայաստանը անբավարար է պաշտպանված կիբերսպառնալիքներից:
Այս եզրույթից ելնելով՝ գտնում ենք, որ կիբերանվտանգությունը պետք է հանդես գա որպես տեխնոլոգիական առաջընթացի անկյունաքար, քանի որ ներկայիս թվային փոխակերպումը հզոր ուժ ունի, և անշուշտ, իր նպաստն է բերելու քաղաքացիների բարգավաճման ու բարօրության ապահովմանը: Այս համատեքստում անհրաժեշտ և արդիական է ենթակառուցվածքների պաշտպանության խնդիրը, որն առանցքային նշանակություն ունի տնտեսության և պետության տարբեր բնագավառների կենսագործունեության համար: Եթե գործադիր մարմինների, կենտրոնական բանկի, Ազգային ժողովի և այլ նմանատիպ կառույցների կիբերանվտանգությամբ զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը, որը սահմանել է անվտանգության անհրաժեշտ պահանջները, չափանիշներն ու մոտեցումները, ապա մասնավոր կազմակերպությունները, այդ թվում՝ պետության համար կենսական նշանակություն ունեցող՝ գազի, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի ընկերությունները, էլեկտրակայաններն ու բանկերը, իրենք են ապահովում սեփական կիբերանվտանգությունը, որի արդյունքում մենք կարող ենք բախվել այնպիսի հիմնախնդրի, երբ հանրային կարևորության օբյեկտները, առավել խոցելի լինելով, կարող են ենթարկվել կիբերհարձակումների՝ ինչպես դրսից, այնպես էլ ներսից:
Այդ իսկ պատճառով «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտն իր առաջարկած ճանապարհային քարտեզում հստակ ընդգծում է կիբերանվտանգության ոլորտը կանոնակարգելու, միասնական քաղաքականություն իրականացնելու, մարտահրավերների դեմ պայքարելու համար անհրաժեշտ գործիքների մշակումն և կատարելագործումը: Քանի որ կիբերանվտանգության ոլորտի օրենսդրությունը, սպառնալիքներն ու ռիսկերը համակարգելու, մոտեցումները և չափանիշները մշակելու դեպքում նոր հնարավոր կլինի ցուցաբերել միասնական անվտանգային կիբերհամակարգ: Հարկ է նշել նաև, որ անհրաժեշտ է ռազմավարությունը կառուցել անհատի, հասարակության և պետության հավասարակշռված շահերի համադրմամբ:
Արցախ
44-օրյա պատերազմը ցույց տվեց բոլոր այն բացթողումներն ու քաղաքական-տնտեսական սխալները, որոնց պատճառով կանգնել ենք լրջագույն մարտահրավերների առաջ: Առաջնահերթ քայլերը ներառում են հետևյալը.
- Վերանայել ազատական տնտեսության և ռազմաարդյունաբերական համալիրի փոխկապակցվածության մոդելը՝ երկրի մարտահրավերների տրամաբանության շրջանակներում: Այդ համատեքստում անհրաժեշտ է.
- Գնահատել, կարգավորել և վերահսկել ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման մակարդակի ազդեցությունը հակամարտության ընթացքի վրա:
- Զարգացնել տնտեսությունը՝ հաշվի առնելով դրա մակարդակի ազդեցությունը պատերազմական գործողությունների, թիկունքի նյութական ապահովման վրա:
- Բարձրացնել պետության վարկանիշը՝ դաշնակիցներից ռազմական, ֆինանսական և տեխնիկական միջոցներ հայթայթելու նպատակով:
- Ներգրավել շահագրգիռ նոր կողմեր և նրանց տնտեսական կարողությունները՝ հնարավոր նոր պատերազմի դեպքում պատերազմի նախընտրելի տարբերակով ավարտի կամ հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար:
- Գնահատել և օգտագործել տարածաշրջանային անվտանգության և տնտեսական շահերի պահպանման հարցում շահագրգիռ վերազգային ընկերությունների, ռազմավարական դաշինքների, տարածաշրջանային և միջազգային կառույցների ազդեցությունը հակամարտության կարգավորման վրա:
- Հնարավորինս մեղմել և կառավարելի դարձնել պատերազմի հետևանքով կապիտալի արտահոսքը, արտագաղթը, ժողովրդագրական անվտանգությունը և այլ սպառնալիքներն ու միտումները:
- Գնահատել և բարձրացնել պետության դերն առերևույթ և «քողարկված» պատերազմների շրջանում:
- Բացահայտել, հանրայնացնել Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը և հասնել դրա միջազգային դատապարտմանը:
- Պայքարել տեղեկատվական հարթակներում և լրատվամիջոցներով հայերի նկատմամբ ատելության և թշնամության ադրբեջանական քարոզչության դեմ:
- Բացահայտել, հանրայնացնել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումները և հասնել դրանց միջազգային իրավական դատապարտմանը:
- Բացահայտել և գնահատել հոգեբանական խնդիրներն Արցախում, օժանդակել դրանց հաղթահարմանը և բարձրացնել Արցախի բնակչության ինքնապաշտպանական կարողությունները:
Ազգային արժեքներ, ազգային մշակույթ, ազգային պետություն
- ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ԱՆԲԵԿԱՆԵԼԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
- Պետության պաշտոնական գաղափարախոսությունը պետք է լինի ազգայի՛ն գաղափարաբանությունը։ Ազգային պետության մեջ ամենամեծ արժեքը պետք է լինի հայ մարդը և էթնոսի վերարտադրությունն ապահովող ընտանիքը, նրա անվտանգությունն ու բարեկեցությունը, էթնոսի ինքատիպ մշակույթի և լեզվի զարգացումը։
- Ազգային պետություն ունենալու համար անհրաժեշտ է իրականացնել ազգային ինքնության գիտակցությամբ և ազգային արժեքներ կրող նոր սերնդի դաստիարակություն։
- Ազգային պետություն հայեցակարգը՝ ազգ-բանակ հայեցակարգն է, որը նշանակում է՝ տնտեսական, ռազմական ու քաղաքական սուվերենություն և ազգային գաղափարաբանությամբ դաստիարակված ժողովրդավարական հասարակություն։
- «Իշխանությունը պատկանում է ժողովրդի՛ն» հայեցակարգը.
ա) քաղաքացիական հարթակը պետք է լինի պետության ներքին և արտաքին քաղաքականության պատվիրատո՛ւն, իսկ պետությունը՝ կատարո՛ղը,
բ) հողը, օդը, ջուրը, բնական պաշարները և երկրի ռազմավարական բացառիկ նշանակության տնտեսական միավորները պետք է լինեն ազգայի՛ն սեփականություն։
- ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ Եվ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌԸՆՉՎՈՂ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ
1. Ազգային գաղափարաբանությամբ վերակերտել հայ ժողովրդի հավաքական գիտակցությունն ու հոգեբանությունը։ ՀՀ-ում և սփյուռքում հայ մարդու, հատկապես հայ նոր մտավորական դասի ձևավորում, նոր սերնդի ազգային ինքնության դաստիարակում և ինքնաճանաչողություն: Ազգային գաղափարաբանությունը, որպես «Հայրենապաշտություն» առարկա, ներդնել ՀՀ դպրոցներում։
2. Հայոց լեզուն, պատմությունը և մշակույթը ՀՀ Սահմանադրությամբ պետք է ստանան ազգային անվտանգության բարձրագույն կարգավիճակ։
3 . Հայաստանի Հանրապետությունում և ՍՓՅՈՒՌՔՈՒՄ պետք է հաստատել միասնական ուղղագրություն։
4. Հայկական ազգագրական պարի ուսուցումը թե՛ հանրային, թե՛ մասնավոր դպրոցներում պետք է դարձնել պարտադիր։
5. Լեզվի պետական վերահսկող կոմիտեի վերականգնում՝ լայն լիազորություններով և իրավունքներով։
6. Ազգագրական մշակույթի զարգացմանը, տարածմանը և կրթելուն ուղղված բիզնեսին տալ հարկային արտոնություններ ։
7. պետականորեն սատարել և պարտադրել, որպեսզի ժամանակակից քաղաքաշինությունը շարունակի զարգանալ հայ ավանդական ճարտարապետական մոտեցումների արդիականացման ուղիով ։
8. Բացառել կրոնական տարբերություններով կամ ուղություններով պայմանավորված խտրական բաժանարարությունը։
9. Պետական աջակցությամբ զարգացնել ազգային օպերային արվեստը:
10. Երիտասարդ սերնդի հոգևոր և մտավոր դաստիարակություն։
11. Ազգային փոքրամասնություններին ընձեռնել քաղաքական և կրթամշակութային արտոնություններ:
12. Հեռուստատեսային ընկերությունների համար պետք է սահմանել պարտադիր պայման-օրենք՝ ամենօրյա հեռարձակվող եթերային ծրագրերի մի մասը նվիրել ազգային արվեստի ու մշակույթի քարոզմանը։
13. Ձևավորել Ազգային հանրային խորհուրդ:
14. Հասարակության մեջ պետք է սերմանել զինվորի և բանակի նկատմամբ պաշտանմունք և հարգանք։
15. Կարևորել ազգային խորհրդանիշերի, ազգային տոների և ազգային արժեքների գնահատման անհրաժեշտությունը։
16. Ապրիլի 24-ը հայտարարել Համազգային պահանջատիրության օր։
17. Ազգային պետությյան գերնպատակն է հայությանը ամբողջականացնել ի՛ր հայկական ինքության հիմքով՝ ի՛ր ամբողջականացված բնօրրան-հայրենիքում։
Ազգային պետության իշխանության հինգ թևերն են՝ օրենսդիր, գործադիր, դատական, զանգվածային լրատվամիջոցներև կենտրոնական բանկ։
Ազգային պետության համար առանձնակի նշանակություն ունի կրթությունը: Կրթական բարեփոխումները պետք է ներառեն գոյություն ունեցող համաշխարհային լավագույն կրթական ձեռքբերումները՝ նպաստելով մեր ազգային կրթական գաղափարախոսության և ռազմավարության ձևավորմանը:
- ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
1. Լեզվամշակույթային մաշտոցյան արմատականության վերականգնում, որպես աշխարհայացքային երևույթ, այլ ոչ՝ արևմտաարևելյան լեզվային ընդհանրության ձևավորում:
2. Մշակույթը որպես հայ մարդու ընտանիքի համայնքի ապրելակերպի և մտածելակերպի կենսականացման միջոցի պահպանության հայեցակարգի ձևավորում՝ սովորական և ծայրահեղ իրավիճակներում:
3. Հայ տեսակի մշակութային դաստիարակության համակարգի ձևավորում՝ նախածննդյան և տարիքային խմբերի առանձնահատկությունների հիմնավորմամբ:
4. Ազգային մշակույթի կենսական, իմաստաբանական հենասյուների ամբողջացում:
5. երկրի բոլոր ստեղծագործական միությունների դերի և նշանակության վերանայում:
6. Ազգային մշակույթի համահայկական և համայնքային համակարգի ձևավորում :
- Ազգային բրենդ և մշակութային դիվանագիտություն
Ստեղծել ազգային բրենդ, վարել ակտիվ և նպատակային մշակութային դիվանագիտություն:
Հայ երիտասարդի կերպարը փոխակերպվող աշխարհում
Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական և հոգևոր զարգացման, ժողովրդի արժանավայել կյանքի ապահովման, գենոֆոնդի պահպանման ու հզորացման, ազգային անվտանգության ամրապնդման գործընթացներում երիտասարդությունը` որպես պետության ռազմավարական ներուժ, բացառիկ դեր ունի: Այն ազգաբնակչության գրեթե 1/3-րդը կազմող կարևոր և ակտիվ հատվածն է. երիտասարդների թիվը 802535 է կամ ՀՀ ընդհանուր բնակչության 26,6 %-ը: Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում, արդի հասարակության սոցիալ-տնտեսական վերափոխումների պայմաններում խիստ կարևոր է պետության աջակցությունը երիտասարդներին՝ կրթության, դաստիարակության և զարգացման ապահովման գործում` հատկապես նրանց սոցիալական կայացման փուլում, հասարակական-մասնագիտական գործունեության, ընտանիք կազմելու, հասարակական, քաղաքացիական նախաձեռնությունների, իրենց իրավունքներն ու պարտականությունները իրականացնելու գործընթացներում ներգրավվելու ընթացքում:
«Արարատյան Ալյանս»-ը մշակում է հստակ ծրագիր, որի հիմքում դրված կլինի ներկա վիճակի ախտորոշումը, երիտասարդության ինքնադրսևորման և առաջընթացի համար ստեղծված պայմանների գնահատումը, առաջարկներ՝ իրավիճակը բարելավելու համար: Առաջարկվում է, մասնավորապես, պետության, մասնավոր հատվածի և փորձագիտական հանրության ուշադրությունը բևեռել այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են՝
- Երիտասարդության խնդիրների ախտորոշում
- Երիտասարդության զբաղվածության հիմնախնդիրները
- Սահմանամերձ գոտու երիտասարդների բնութագիրը և հիմնախնդիրները
- Սփյուռքահայ երիտասարդության ազգային արժեքները և արդի հիմնախնդիրները
- Սերնդափոխություն
- Երիտասարդների շրջանում թմրամոլության տարածման հիմնախնդիրները
- Երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքին և որոշումների կայացման գործընթացին
- Երիտասարդության համար բարենպաստ պայմանների ձևավորման հեռանկարներ
- Օրենսդրական բարեփոխումների առաջարկներ և ՛՛Երիտասարդության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծի հիմնադրույթներ
Այսօրվա դինամիկ զարգացող աշխարհում մեր երկիրը չի կարող ապահովել արագընթաց զարգացում, եթե հայ երիտասարդը չի կարող ձեռք բերել անհրաժեշտ գիտելիք, չի կարող ստանալ ազգային դաստիարակություն ու չի կարող իրացնել իր մտավոր և ֆիզիկական կարողությունները հայրենիքում:
«Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտը առաջարկում է հզոր Հայաստանի կայացման գործում գլխավոր շարժիչ ուժ հանդիսացող երիտասարդության հիմնախնդիրները կարգավորելու գոծում որդեգրել երիտասարդական պետական քաղաքականությունը ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու կարևորագույն լուծումը, որի արդյունքում նաև կլրացվի երիտասարդության զբաղվածության մակարդակը կրկնակի բարձրացնելու հնարավորությունները:
Գիտության ժամանակակից մարտահրավերները տնտեսության առաջընթացի ապահովման համատեքստում
Երկրի տնտեսության զարգացման համար գիտության և բարձր տեխնոլոգիաների հիմքի վրա մրցակցային առավելությունների ստեղծումը առաջնահերթ նախապայման է: Գիտության և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունների զարգացումը հանգեցնում է տնտեսական աճի որակապես նոր գործոնների առաջացմանը: Մի շարք դեպքերում ստեղծված կիրառական գիտական արդյունքները մրցունակ չեն համաշխարհային նորամուծությունների շուկայում: Այն հանգամանքը, որ գիտական հետազոտությունների համար չկան զարգացած ենթակառուցվածքներ, հանգեցնում է կիրառական գիտական արդյունքների մրցունակության անկմանը: Հայաստանում գրեթե բացակայում են արտադրական հսկաները, որոնց շուրջ կարող են ձևավորվել նաև գիտաարտադրական միավորումներ, ինչը կարող է նպաստել արտադրության գործընթացի կատարելագործմանը, ինչպես նաև նպաստել գիտության ոլորտի ֆինանսավորման մեջ տնտեսության մասնավոր հատվածի մասնաբաժնի բարձրացմանը: Գիտության ոլորտի զարգացման տեսլականը Հայաստանը գիտելիքահենք տնտեսություն ունեցող, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների ու մշակումների մակարդակով Եվրոպական գիտատեխնիկական տարածքում մրցունակ երկիր դարձնելն է: Այս տեսլականի իրագործումը պահանջում է.
1) ձևավորել գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգ,
2) արդիականացնել գիտության ոլորտի նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները,
3) ապահովել գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի քանակի կայուն աճ,
4) ապահովել երիտասարդ կադրերի ներհոսք գիտության ոլորտ և իրականացնել գիտական ներուժի կառավարելի, սահուն սերնդափոխություն,
5) ապահովել հիմնարար գիտական հետազոտությունների արդյունավետ պետական հովանավորություն և առաջընթաց զարգացում,
6) խթանել տնտեսության մեջ օգտագործվող գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների իրականացումը, նորամուծությունների և արտոնագրերի ավելացումը գիտական կազմակերպություններում,
7) ձևավորել գիտության, տեխնոլոգիաների և նորամուծական գիտելիքների զարգացումն ապահովող ներդաշնակ համակարգ` խթանելով մասնավոր բիզնեսի ներգրավումը գիտության ոլորտ, և ապահովել այդ գիտելիքների նպատակաուղղված ներդրումը կրթության և տնտեսության տարբեր ճյուղերում ,
8) էապես ընդլայնել գիտության և տեխնոլոգիաների բնագավառում միջազգային համագործակցությունը:
Հայաստանում գիտության հիմնահարցերից է նաև գիտության տարածքային բաշխվածության անհամաչափությունը կամ գրեթե բացակայությունը : Գիտության ոլորտում կարևորում ենք ավելացնել գիտությանը հատկացվող գումարները և գիտնականի աշխատավարձը հասցնել միջին աշխատավարձին, իսկ գիտատար և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունների և ծառայությունների բաժինը երկրի ընդհանուր ՀՆԱ-ում առաջիկա 10 - 15 տարվա ընթացքում պետք է դառնա գերակշռող՝ ներկայիս 2 տոկոսի փոխարեն:
Գիտական և գիտակրթական կադրերի պատրաստման ժամանակակից եղանակների ներդրման ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի Հայաստանում հետազոտական համալսարանների ստեղծումը, դրանց համար զարգացած ենթակառուցվածքների ձևավորումը. ժամանակակից հետազոտական լաբորատորիաները, նորամուծությունների մշակման կենտրոնները, տեխնոպարկերը:Այս պարագայում լիարժեք կարող է միավորվել Սփյուռքի և հայ գիտնականների ներուժը: Այդ նպատակին ուղղված քայլերից առաջինը ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից մշակված հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագիրը: Պետք է նպաստել գիտության և արտադրության խզված կապերի վերականգնմանը: Այս իմաստով կարևոր նշանակություն են ստանում նոր ապրանքանիշերի, նոր արդյունքների գրանցումը, ինչպես նաև գիտական նոր հայտնագործությունների արտոնագրումը և դրանց առևտրայնացման ուղղությամբ քաղաքականության իրականացումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ, ԴՈԿՏՐԻՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի տնտեսությունը չի կարող զարգանալ տարերայնորեն, այն պետք է ունենա հեռանկարային զարգացման ռազմավարություն՝ իր հստակ տեսլականով և հայեցակետով:
Մեր համոզմամբ, երկրի զարգացումը պետք է ունենա առնվազ չորս հիմնական հենասյուն՝ անվտանգություն, ազգային արժեքներ, մրցունակություն, տնտեսական դիվանագիտություն:
ՏԵՍԼԱԿԱՆ. Համաշխարհային գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ինտեգրված, ազգային և համամարդկային շահերով դաշնակից երկների հետ ակտիվ համագործակցող, տարածաշրջանում կայացած, միջազգային բիզնեսին ազգային բրենդով ներկայացող, ազգային ինքնություն ձևավորող մշակույթով, համահայկական որակյալ մարդկային կապիտալով, մարտունակ բանակով, ՌԱՀ-ով և մրցունակ տնտեսությամբ անվտանգ պետության կայացում, որը կապահովի հայ մարդու արարման և ինքնադրսևորման լավագույն պայմանները:
հայեցակետը (դոկտրին). Անկախության հռչակումից ի վեր Հայաստանն ակամայից հայտնվեց որակապես նոր աշխարհակարգում, ներքին ու արտաքին նոր միջավայրերում ու նոր տնտեսվարման պայմաններում: Հայաստանի Հանրապետությանը բացառիկ հնարավորություն է ընձեռված՝ ազատվել արտաքին և ներքին պարտադրանքներից և մշակել տնտեսության զարգացման սեփական մոդելը, որն առավել համահունչ կլինի ոչ միայն ազգային շահերին, այլև գլոբալ մարտահրավերներին և հաշվի կառնի համաշխարհային տնտեսության զարգացման միտումներն ու զարգացումները: Հանրապետության տնտեսական նոր համակարգի ձևավորումը այլևս չի կարող կամայական բնույթ կրել: Այն կարիք ունի պետության կողմից մշակված և փուլ առ փուլ իրականացվող տնտեսական քաղաքականության: Վերջինս, իր հերթին, հիմնվում է տնտեսության զարգացման հեռանկարային ծրագրի վրա, որը բխում է տնտեսական ռազմավարական հայեցակարգի դրույթներից և առաջին հերթին` տնտեսական հայեցակետից: Տնտեսական հայեցակետի սահմանումը ժամանակի անհետաձգելի հրամայականն է, տնտեսական բարեփոխումների և տնտեսական քաղաքականության անկյունաքարը` ընդհանրապես:
Այսպիսով, առաջարկվում է տնտեսական զարգացման հետևյալ հայեցակետը.
Հայաստանի Հանրապետությունը վարում է զարգացման ազգային սոցիալական շուկայական տնտեսության մոդելի վրա հիմնված նախահարձակ, հավակնոտ տնտեսական քաղաքականություն՝
միտված ներքին` մարդկային, բնական, նյութական, ֆինանսական և արտադրական ռեսուրսների բացահայտմանը և դրանց շնորհիվազգային մրցակցային առավելությունների, առաջին հերթին, տնտեսության գիտատար ճյուղերի ապրանքների և ծառայությունների առավել արդյունավետ իրացմանը տարածաշրջանային և համաշխարհային տնտեսության նոր զարգացումներին ու միտումներին համահունչ՝ ներքին և արտաքին շուկաներում, նպատակ ունենալով.
- իրավական պետության, իրական ժողովրդավարության կայացմամբ,
- սոցիալական արդարության հաստատմամբ,
- գործարար ոլորտում վստահության մթնոլորտի ձևավորմամբ,
- Սփյուռքի և Արցախի հայության մասնագիտական կարողության համակարգված մասնակցությամբ
հասնել ազգաբնակչության արժանավայել կենսապայմանների, տնտեսական լիարժեք անվտանգության ապահովմանը:
Սփյուռքը որպես Հայաստանի և հայության մրցակցային առավելություն և
համաշխարհային տնտեսությանն ինտեգրման գործոն
Սփյուռքի հետ արդյունավետ կապեր ունենալու համար հարկավոր է ամբողջական գաղափար կազմել Սփյուռքի, նրա առաջացման ու գոյատևման, ինչպես նաև նրա խնդիրների ու հիմնախնդիրների և նրանց ի հայտ գալու հանգամանքների, այդ թվում նրանց լուծմանը խոչընդոտող պատճառների մասին: Պետք է փորձել համատեղել այդ բոլոր խնդիրները Հայրենիքի և Սփյուռքի ընդհանուր նպատակների շուրջը, որից հետո միայն կնշմարվեն այն ուղիները, որոնք թույլ կտան ոչ միայն զարգացնել անցած տասնամյակների ընթացքում տարերայնորեն ձևավորված և ներկայումս անբավարար մակարդակի վրա գտնվող Հայրենիք-Սփյուռք կապերը, այլև վերաիմաստավորել ու վերակառուցել դրանք այնպես, որ նրանք վերածվեն իրոք ռազմավարական կապերի: Այդ հայեցակարգի ստեղծման նպատակը ոչ միայն Սփյուռքի և նրա հետ կապերի հաստատմանը նպաստող անհրաժեշտ գործընթացների իրականացման համար ռազմավարական ծրագրերի առաջադրումն է, այլև Հայրենիք-Սփյուռք ռազմավարական կապերի հաստատմանը խոչընդոտող խնդիրների բացահայտումն ու դրանց հաղթահարման լուծումներ գտնելը:
Ուստի «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտն ունի հստակ ձևաչափ՝ Սփյուռքի հիմնախնդիրների և նրանց լուծման ուղիների համար, որոնց վերջնական լուծման արդյունքում Սփյուռքը համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ այլևս կունենա խոշոր խաղացողի դեր և կդիտվի որպես Հայաստանի մրցկցային առավելություն՝ համաշխարհային տնտեսության ինտեգրման մեջ: