«Ինչո՞ւ առանցքային հարցերի վերաբերյալ չունենք միասնական տեսակետ». Արա Աբրահամյան․ «Փաստ»

2022-10-26 15:10

«Փաստ» օրաթերթը գրում է․

Հոկտեմբերի 20-ից 23-ը Երևանում տեղի ունեցան «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի համաժողով-քննարկումները՝ ուղղված Հայաստանի և Արցախի զարգացման ազգային օրակարգի ձևավորմանը։ Համաժողովի ընթացքում քննարկումները նվիրված էին անվտանգային տեխնոլոգիաներին, տնտեսությանը և տնտեսական մրցունակությանը, երիտասարդության հիմնախնդիրներին, ազգային պետությանն ու ինքնությանը, Սփյուռքի խնդիրներին և պետության արտաքին մարտահրավերներին: Մասնակցում էին գիտության, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, անվտանգության ոլորտների փորձագետներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, ինչպես նաև ներկա էին Ռուսաստանի հայերի միության ավելի քան 60 տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարները և համայնքների ներկայացուցիչներ: Համաժողովի փակմանը «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի հիմնադիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը նշեց, որ կարճ ժամանակում կտպագրվեն բոլոր սեկցիաների առաջարկությունները և զեկույցները:

«Նոյեմբերին կլոր սեղան կկազմակերպենք: Մինչ այդ, պետք է մասնաճյուղեր ունենանք ՀՀ բոլոր մարզերում ու Արցախում: Մեր նպատակն է միասնական ազգային ծրագրի իրականացումը, հայ ժողովրդի ճանապարհային քարտեզի ստեղծումը: Պետք է իրար հետ աշխատենք, կառուցենք մեր երկիրը, ապահովենք մեր անվտանգությունը: Սակայն, պետք է հիշել, որ մենք (մեր կենտրոնը-խմբ.), պետություն չենք, ունենք սահմանափակ հնարավորություններ, բայց պատրաստ ենք փոխշահավետության սկզբունքով համագործակցել բոլորի հետ: Սա բոլորիս հայրենիքն է, ամեն ինչ պետք է անել, որ այն զարգանա ու անվտանգ լինի»,-ընդգծեց Աբրահամյանը` եզրափակելով, որ բոլոր ուղղություններով առկա գաղափարներն ու առաջարկները, որոնք քննարկվել են համաժողովի ընթացքում, պետք է կյանքի կոչել:

Համաժողովի շրջանակներում «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի փորձագետները դեռ օրեր առաջ այցելել էին Արցախ՝ այնտեղ առկա մտահոգություններն ու տրամադրությունները հասկանալու համար։ Հանդիպումներ էին եղել բարձրաստիճան պաշտոնյաների, փորձագետների, ուսանողների հետ։ Արցախ էր մեկնել նաև քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նա «Փաստի» հետ զրույցում ասաց, որ Արցախ այցի ժամանակ առանձնացրել են հանդիպումների մի քանի դաշտ` առաջին դեմքեր, երկրորդ դեմքեր, կուսակցական առաջնորդներ, գիտնականներ, փորձագետներ, ուսանողություն:

«Մեր խնդիրն այն մեծ հարցի սրումն է, թե ինչո՞ւ առանցքային, բանալի հարցերի վերաբերյալ չունենք միասնական տեսակետ, ինչի՞ց է դա գալիս: Փորձում էինք դրա արմատները գտել, մեր հարցերի` գիտության կողմից տրվող պատասխաններն ունեինք: Ինտրիգայի ձևով հարցեր էինք ուղղում և քննարկումների արդյունքում ստանում պատասխաններ: Հստակ է այն, որ հասկացությունների աղճատումը, կեղծ հասկացությունների կաղապարների ներդրումը մեր ազգային, այդ թվում` նաև առաջին դեմքերի գիտակցության մեջ, ցավոք, տվել է իր բացասական պտուղները»,-ասում է Մանասյանը:

Ընդգծում է` Ադրբեջանի կողմից օգտագործվող բոլոր հասկացությունները մշակված են: «Օրինակ` ասում են ԼՂ-ի բնակչություն, ինչո՞ւ: Երբ մասնակցում էի Դորթմունդյան խորհրդաժողովին, բանակցությունների ժամանակ ասում էի ԼՂ ժողովուրդ, իրենք դրան դեմ էին, որովհետև ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, բնակչությունը` ոչ: Դա լավ գիտեն, բոլոր հասկացությունները մշակված են, դրա համար լսում են Ալիևի ելույթները, ասում են, որ դրանք համոզիչ են, մեր ելույթները համոզիչ չեն, որովհետև դրանք իրավագիտական, քաղաքագիտական, գիտական տեսակետից խորապես իմաստավորված չեն»,-նշում է մեր զրուցակիցը:

Վերադառնալով Արցախում տեղի ունեցած հանդիպումներին, հավելում է` ուսանողները ոգևորվել էին, ցանկանում էին համագործակցել իրենց խմբի հետ: «Գործ ունենք «մաքուր» ուղեղների հետ, երբ դրանց մեջ ներդնում ենք ճշմարտությունը, այն այլևս դուրս չի գալիս: Շատերը տարվում են ակադեմիական ոճով, մինչդեռ պետք է գտնել գաղափարները մեր ազգային գիտակցության տարբեր շերտերում, խավերում ներդնելու նոր տեխնոլոգիաներ: Դրանից հետո, եթե նույն հարցին նույն պատասխանն ենք տալիս, ուրեմն այդ հարցի շուրջ միասնական ենք: Սա ժամանակ և միջոցներ է պահանջում: Մեկ փոքրիկ հանդիպմամբ այդ հարցերը չեն լուծվում, սա պետք է շարունակական բնույթ կրի: Իրականում, հեշտ չէ ճշմարտությունը տեղ հասցնելը, միևնույն ժամանակ, եթե այն չի հնչում բարձր ամբիոններից, ամեն ինչ ավելի է բարդանում»,եզրափակում է Ալեքսանդր Մանասյանը` հիշեցնելով, որ տեղեկատվական պատերազմի մեջ ենք, բայց չգիտենք դրա կանոնները, օրինաչափությունները, տեխնոլոգիաները:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում